Թուրքիայի ԱԺ նախագահն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան մեխանիզմում

Քաղաքականություն

17.04.2026 | 16:05

Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը երկկողմ հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության (ՄՄՄ) 152-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում պաշտոնական այցով Ստամբուլում գտնվող իր գործընկերների հետ։ Նա հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Նշելով, որ Անկարան կարևորում է Կովկասում խաղաղությունն ու կայունությունը, և որ այդ նպատակով պետք է ավելացնել համատեղ ջանքերը, Քուրթուլմուշն ասել է, որ պետք է ամրապնդել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմը, և որ խաղաղության և կայունության համապարփակ աշխատանք կարելի է իրականացնել՝ այդ մեխանիզմում ներառելով նաև Հայաստանին։

Ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա հակամարտություններին՝ Քուրթուլմուշը նշել է, որ իրենք կարևորում են Սև ծովում, Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում խաղաղությունն ու երկարատև անդորրը, և որ տարածաշրջանում կայուն միջավայրի ստեղծումը կնպաստի բարգավաճման աճին։

Ավելի վաղ  Քուրթուլմուշը խոսել էր Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment