Սենսացիա բժշկության մեջ. մարդու սիրտը կարող է վերականգնվել ինֆարկտից հետո

Գիտնականները սենսացիոն բացահայտում են արել


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ինֆարկտից հետո մարդու սիրտը, այնուամենայնիվ, ձևավորում է սրտամկանի նոր բջիջներ: Սա «լիարժեք վերականգնում» չէ, բայց կարևոր փաստ է. սիրտը ոչ միայն սպիանում է, այլև փորձում է վերականգնվել:


Ինֆարկտի ժամանակ արյան հոսքը խաթարվում է, և սրտի բջիջները մահանում են թթվածնի պակասից: Օրգանիզմը փակում է վնասվածքը սպիով: Խնդիրն այն է, որ սպիացած հյուսվածքը չի կծկվում, և սրտի աշխատանքը ծանրանում է: Ժամանակի ընթացքում սա կարող է հանգեցնել կրկնվող նոպաների և սրտային անբավարարության:


Նախկինում սրտամկանի ռեգեներացիան հիմնականում ցուցադրվում էր մկների վրա: Համարվում էր, որ մարդկանց մոտ նման բջիջները վնասվելուց հետո գրեթե չեն բազմանում: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ բջիջների բաժանում, այնուամենայնիվ, տեղի է ունենում:


Գիտնականների թիմն ուսումնասիրել է սրտի կենդանի հյուսվածքը՝ ուղեղային մահ արձանագրված դոնորի ամբողջական սիրտը և շունտավորման վիրահատության ժամանակ պացիենտներից վերցված նմուշները: Նրանք վերլուծել են գեների ակտիվությունը ՌՆԹ-ի միջոցով, ինչպես նաև հյուսվածքների սպիտակուցներն ու նյութափոխանակությունը: Հետազոտողները նկարագրել են «արյունից զրկված» միջավայրը, որտեղ հայտնվել են սրտամկանի բջիջների բաժանման նշաններ, և գտել են մոլեկուլային հետքեր, որոնք նախկինում կապվում էին կրծողների մոտ ընթացող նմանատիպ գործընթացների հետ:


Հեղինակներն ընդգծում են. նոր բջիջների բնական առաջացումը բավարար չէ ինֆարկտի հետևանքները վերացնելու համար: Սակայն արդյունքները հույս են ներշնչում ապագա բուժման մեթոդների համար, որոնք կկարողանան ուժեղացնել այդ էֆեկտը: Աշխատությունը հրապարակվել է Circulation Research ամսագրում:


 


Leave a comment