«Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ»․ ինչպես է պրոռուսական տելեգրամյան ցանցը համակարգված արշավ սկսել Հայաստանում

Ապրիլի 10-ից սկսած պրոռուսական տելեգրամյան ալիքները տարածում են մի տեքստ, որով օգտատերերին կոչ են անում «հավաքական հակահարված» տալ Հայաստանի իշխանություններին։

«Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ» նախաձեռնության շրջանակում տարածվող այս ուղերձը ոչ միայն հերքում է ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության մասին պնդումները, այլ նաև առաջարկում է կազմակերպված ձևով արձագանքել դրանց։

«Փաշինյանի PR-ը սպասարկողները վարկաբեկում են Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարներին, հայտնի ռուսաստանահայերին։ Տարածվում են կեղծ տեղեկություններ՝ իբր Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին կաշառելու զանգվածային դեպքերի մասին, որպեսզի նրանք քվեարկեն ընդդիմության օգտին։ Սա շատ միամիտ ու անհիմն սուտ է, քանի որ ռուսաստանահայերի մեծ մասը որևէ կաշառքի կարիք չունի՝ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին աջակցելու համար»,- գրված է տարածվող տեքստի մեջ։ 

Հայտարարության հեղինակները նշում են, թե պարբերաբար հայտարարվում է «Կրեմլի գործակալների» մասին, սակայն այդպես էլ դրա մասին փաստեր չեն հրապարակվել, իսկ Սերգեյ Կիրիենկոյի անվան շուրջ խոսակցությունները նրանք համարում են զրպարտություն (Սերգեյ Կիրիենկոյի մասին գրել էր հենց ռուսական մամուլը-հեղ․)։

«Առաջարկում եմ այս «սև քարոզչությանը» տալ հավաքական հակահարված։ Հայտարարում եմ, որ ընդունում եմ ՌԴ և Հայաստանի քաղաքացիներից ցանկացած բովանդակային ազդակ՝ կաշառքի, քվեարկության հարկադրանքի և այլնի վերաբերյալ։ «Բովանդակային» նշանակում է, որ պետք է ներկայացված լինեն դեպքի բոլոր հանգամանքները՝ ով, որտեղ, երբ, ում և ինչի է հարկադրել։

Բարեկամ ալիքների հետ միասին մենք կհրապարակենք այդ ազդակները և կդիմենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին՝ ներկայացված փաստերը ստուգելու համար»,- նշվում է տեքստում։

Այն ավարտվում է հույսով, որ այս գործում իրենց կօգնեն ՌԴ Պետդուման, Ռուսաստանում հայերի միությունը, ՌԴ անվտանգության խորհուրդը և ռուսաստանյան լրատվամիջոցները։ 

Ո՞վ է այս հայտարարության հեղինակը

Այս տեքստն առաջինը տարածել է «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը ապրիլի 10-ին, առավոտյան։ 

Արտապատկերումը՝ «Товарищ генерал» տելեգրամյան ալիքից:

Այս ալիքի գործունեության աշխարհագրական տարածքը Հայաստանն է, իսկ բովանդակությունը հրապարակվում է ռուսերենով։ Ունի 10 հազարից ավելի բաժանորդ։ Այս պահին «Товарищ генерал»-ի մոտ ամենակարդացված տեղեկությունը հենց այդ հայտարարությունն է։

«Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ» այսպես կոչված արշավին միացել են բազմաթիվ պրոռուսական հայաստանյան տելեգրամյան ալիքներ (YerevanTower, tzitzak, CompromatSNG ևն) և համակարգված ձևով արդեն մի քանի օր է՝ տարածում են այս հայտարարությունը։

Ի դեպ, «Товарищ генерал»-ը և մյուս ալիքներն անանուն են, դրանք բոլորն էլ քննադատում են Հայաստանի գործող կառավարությանը և կառավարող քաղաքական ուժին, ընդդիմանում են այդ ուժի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ունեն պրոռուսական քաղաքական ուղղվածություն։ 

Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ այս հայտարարության տարածումն ինքնաբուխ չէ, այլ՝ համակարգված գործողություն, որի նպատակն է այս բովանդակությամբ ուղերձը դարձնել ազդեցիկ։ 

Բացի այդ, այս արշավի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն փորձում է դուրս գալ տեղեկատվական դաշտից․ այսինքն՝ փորձ է արվում լուծումներ գտնել Ռուսաստանի պետական կառույցներում։ Իսկ սա ցույց է տալիս, որ բացի հանրային ընկալումների վրա ազդելը, այս նախաձեռնությունը նպատակ ունի նաև ստեղծել հիմք՝ Ռուսաստանի ներսում հնարավոր քաղաքական կամ մեդիա արձագանքների համար։

Արշավի առաջին «զոհը»

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արշավի մեխանիզմը կառուցված է հետևյալ տրամաբանությամբ․

-նախ ձևակերպվում է միասնական նարատիվը,
-ապա այն տարածվում է միաժամանակ մի քանի ալիքներով,
-վերջում արդեն փորձ է արվում ստեղծել «օգտատերերից եկող» ազդակների հոսք՝ ցույց տալու, որ դա իրական հանրային արձագանք է։

Արդեն ապրիլի 14-ին որպես պատասխան այս արշավին, այն նախաձեռնած ալիքը հրապարակել է մի քաղաքացու հայտարարություն, թե բենզալցակայաններից մեկի ցանցում տարածվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական արտադրանքը ու Հայաստանի «կրծած քարտեզ»։ Սա առանց փաստերի հայտարարություն է, որում հեղինակը հույս է հայտնում, որ իրավապահները քննության առարկա կդարձնեն։ Ի դեպ, չի նշվում, թե որ երկրի՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի իրավապահները։ 

Այս հայտարարությունը ևս համակարգված ձևով տարածել են պրոռուսական ալիքները։

Այսպիսով, «Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ» նախաձեռնությունը ներկայացվում է որպես ինչ-որ երևույթներին ինքնաբուխ արձագանք, սակայն դրա տարածման ձևը, ներգրավված ալիքների կողմից նյութը տարածելու համակարգվածությունը և «ազդակների» հավաքագրման մեխանիզմը ցույց են տալիս, որ գործ ունենք կազմակերպված տեղեկատվական արշավի հետ։

Հասմիկ Համբարձումյան

The post «Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ»․ ինչպես է պրոռուսական տելեգրամյան ցանցը համակարգված արշավ սկսել Հայաստանում appeared first on FIP.AM.

Leave a comment