Իրանի հետ հրադադարի ընթացքում Իսրայելը ուշադրությունը սևեռում է Լիբանանի վրա

Քաղաքականություն

13.04.2026 | 22:19

Իսրայելի զինված ուժերը Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ընթացքում իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Լիբանանի վրա։ Այս մասին հայտարարել է իսրայելցի զինվորական պաշտոնյան, գրում է CNN-ը։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի բանակը Լիբանանը համարում է «գլխավոր օպերատիվ ճակատ», միաժամանակ պահպանելով «բարձր զգոնություն և պատրաստվածություն» Իրանի հետ կապված ցանկացած զարգացման համար։

Իսրայելի բանակը «մի քանի օրվա ընթացքում» կշրջապատի Բինտ Ջբեյլ քաղաքը, որը համարվում է «Հըզբոլլահ»-ի հենակետը, ասել է պաշտոնյան: Բանակը հայտարարել է, որ քաղաքում «Հըզբոլլահ»-ի «միայն փոքր թվով» զինյալներ են թաքնված։

Իսրայելը և Լիբանանը վաղը ԱՄՆ-ում պատրաստվում են ուղիղ բանակցություններ սկսել՝ փորձելով հասնել հրադադարի համաձայնագրի, որը կավարտի պատերազմը։

Մինչ այդ, իսրայելական բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ շրջապատել է հարավային Լիբանանի կարևորագույն քաղաքներից մեկը՝ անցյալ շաբաթվա ընթացքում այնտեղ սպանելով «Հըզբոլլահ»-ի ավելի քան 100 մարտիկի։

«98-րդ դիվիզիայի ուժերը ավարտել են Բինտ Ջբեյլ քաղաքի շրջափակումը և սկսել են հարձակումը», – X-ում հայտնել է բանակի խոսնակ, գնդապետ Ավիչայ Ադրային։

Իսրայելական սահմանից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բինտ Ջբեյլը երկար ժամանակ եղել է իսրայելական ուժերի և «Հըզբոլլահ»-ի միջև բախումների խորհրդանշական և ռազմավարական թեժ կետ։ Հենց այստեղ են տեղի ունեցել 2006 թվականի պատերազմի ամենաթեժ մարտերից մի քանիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment