ԵՄ-ն փորձում է ապաշրջափակել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի օգնությունը
Եվրամիությունում նախագահող Կիպրոսը մտադիր է արագացնել Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ապաշրջափակման գործընթացը։Bloomberg-ի փոխանցմամբ՝ գործընթացի ակտիվացումը պայմանավորված է Հունգարիայում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակով։Հիշեցնենք, որ Բուդապեշտը փետրվարին վետո էր դրել ինչպես այս ֆինանսավորման, այնպես էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունման վրա։Ֆինանսական փաթեթը, որը հաստատվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, նախատեսում է 30 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի բյուջետային աջակցության համար և 60 միլիարդ եվրո՝ եվրոպական սպառազինության ձեռքբերման նպատակով 2026–2027 թվականներին։Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը վետոն հիմնավորել էր ռուսական նավթի մատակարարումների վերականգնման պահանջով։Սակայն ընդդիմության հաղթանակից հետո Բրյուսելում ակնկալում են, որ վետոն կարող է չեղարկվել։
Նշվում է, որ ֆինանսավորման հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությունը։