Հնդկաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Աշա Բհոսլեն, մահացել է 92 տարեկան հասակում. այս մասին հայտնել է BBC News-ը՝ հղում անելով երգչուհու որդուն։
«Աշա Բհոսլեն՝ լեգենդար Բոլիվուդյան երգչուհին, որը դարձավ մշակութային խորհրդանիշ, մահացել է 92 տարեկան հասակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մահվան պատճառը, ըստ տեղեկությունների, սրտի կաթվածն է եղել։ Նրա կարիերան տևել է ավելի քան 80 տարի և ներառել է ավելի քան 12,000 երգ։
Աշայի առաջին երգը «Chala Chala Nav Bala»-ն էր «Majha Bal» (1943) ֆիլմից, իսկ նրա առաջին Բոլիվուդյան երգը՝ «Saawan Aaya»-ն «Chunariya » (1948) ֆիլմից։ Մինչև 1949 թվականը նրա բոլոր կոմպոզիցիաները դուետներ էին, իսկ նրա առաջին մենակատարային ելույթը «Raat Ki Raani» (1949) ֆիլմում էր։
16 տարեկանում նա լքել է տունը՝ ամուսնանալով 30-ամյա Գանպատրաո Բհոսլեի հետ՝ ծնողների կամքին հակառակ։ Ավելի քան 10 տարի միասին ապրելուց հետո զույգը բաժանվեց 1960 թվականին՝ արդեն ունենալով երեք երեխա։
Բաժանումից հետո Աշան վերսկսել է իր երաժշտական կարիերան։ 1980 թվականին նա երկրորդ անգամ է ամուսնացել՝ այս անգամ կոմպոզիտոր Ռահուլ Դև Բուրմանի հետ, որը նրանից վեց տարով փոքր էր։ Նրանք երեխաներ չունեին։