ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները


Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:


 


Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ փաստաթղթերը:


 


Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:


 


«Նախորդ այցերի համեմատ այս անգամ հոգեբուժական կազմակերպությունում արձանագրվել են մի շարք դրական փոփոխություններ, ինչը ողջունելի է։


 


Մասնավորապես, կառուցվել են նոր ճաշասրահ, լվացքատուն և զրուցարան, հաստատության տարածքը մաքրվել է տարիներ շարունակ կուտակված մետաղի ջարդոններից, վերանորոգվել և կահավորվել են կանանց համար նախատեսված լոգարանն ու տղամարդկանց համար նախատեսված, բակում տեղակայված սանհանգույցները։ Նշված սանհանգույցներն ապահովվել են նաև մշտական ջրով և միացվել ընդհանուր կոյուղատար համակարգին։


 


Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ.


 


• հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, հիվանդասենյակներում տեղադրված են իրար շատ մոտ մահճակալներ,


• հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են,


• հաստատությունում բացակայում է կենտրոնացված ջեռուցումը. հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիչների, իսկ նոր կառուցված ճաշասրահը՝ փայտի համար նախատեսված վառարանի միջոցով, նույնկերպ է տաքացվում նաև 1-ին հարկում տեղակայված բաժանմունքը,


• արձանագրվել են հեռախոսներից օգտվելու հետ կապված խնդիրներ,


• առկա են բուժառուների զբաղվածության հետ կապված խնդիրներ,


• արձանագրվել են բուժառուների կողմից կենսաթոշակների տնօրինման հետ կապված խնդիրներ. նրանցից շատերը տեղեկացված չեն, որ իրենց խնամակալներն են ստանում կենսաթոշակները և թե ինչ ծախսեր են կատարում,


• առկա են ոչ հոժարակամ բուժման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ,


• արձանագրվել են դեղորայքային հանդարտեցման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,


• հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են, հաստիքների սակավությամբ պայմանավորված՝ որոշ աշխատակիցներ գերծանրաբեռնված են,


• առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն։


 


Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ:


 


Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:


 


Կարևոր է նշել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում:


 


Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:


 

Դիտումների քանակ4

Leave a comment