Մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա։
Ամեն իմաստով մեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները։ Մենք շռայլություն չունենք չիրացնելու աշխարհի տարբեր երկրներում՝ մեր կամքից անկախ ձևավորված համայնքների ներուժը։

Հենց այս համատեքստում է կարևորվում նաև այս օրերին Փարիզում անցկացվող Սփյուռքի խորհրդաժողովը։ Աշխարհի 15 երկրներից 150 ներկայացուցիչներ միասին քննարկում են համահայկական օրակարգի կարևոր հարցեր, լուծումներ փնտրում մեր խնդիրների համար և մտորում, թե ինչպես մեր ներուժն ծառայեցնել հանուն պետականության։

Սա մի գործառույթ է, որն ամենից լավ պետք է անի պետությունը։ Սակայն այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից, որպեսզի ցանկացած իրավիճակում մեզ հրամցնեն, թե մենակ ենք ու թույլ, և բացի իրավիճակի հետ հարմարվելուց ու բոլոր պահանջները կատարելուց՝ այլ տարբերակ չունենք։

Երբ խոսում ենք այլընտրանքների մասին, սա կարևորագույն ուղղություններից մեկն է՝ համահայկական ներուժի միավորումն ի նպաստ մեր խնդիրների լուծման, այլ ոչ թե համատարած պառակտումը, որպեսզի անելանելիության շղարշի տակ ամեն ինչ զիջենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment