Ինչո՞ւ են խոչընդոտում Մարաղայի զոհերի հիշատակի խաչքարի տեղադրումը

1992 թ. Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված եւ հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակը հայ ագգաբնակչության ոչնչացումն էր։ Ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տեւած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել էին Մարաղա, որտեղից բնակչության մեծ մասը տարհանվել էր, իսկ մնացածներին ադրբեջանցի զինվորները խոշտանգել ու սպանել էին:

Մարաղայի ջադերի 34-րդ տարելիցի առիթով կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ  «Մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտության կենտրոն» հ/կ-ի հիմնադիր նախագահ, ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ խնդիրներ են առաջացել Մարաղայի ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրելու հետ կապված: Նա նշեց, որ ավելի վաղ ստացել են ԿԳՄՍ նախարարության համաձայնությունը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյանի դրական եզրակացությունը: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից փոխանցել են, որ համաձայնությունը պետք է ստացվի ԱԳՆ-ից, ընդ որում ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը պետք է դիմի, այլ հենց ՀԿ-ն:

Լիլիթ Մարտիրոսյանը պարզաբանեց, թե ինչու է կարեւոր Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի հուշակոթող տեղադրելը, ինչով է Մարաղայի կոտորածը տարբերվում Բաքվի, Կիրովաբադի եւ Սումգայիթի ջարդերից. «Դա տեղի է ունեցել 1992թ՝ անկախ Ադրբեջանի իշխանության ձեռամբ, իսկ մնացած կոտորածները եւ ցեղասպանական գործողությունները տեղի են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ: Քանի որ  շատ հարգում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, չեմ ուզենա, որ առանց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության թույլտվության տեղադրենք հուշակոթողը, հաշվի առնելով, որ իրենք մեր գործընկերներն են:

Թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանն ասել էր, որ հարցը պետք է քննարկի ԱԳՆ-ի հետ: Ես խոսել էի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, նա էլ ուղղորդել էր դիմել ԿԳՄՍ նախարարություն: Մենք  ներկայացրել էինք 2 էսքիզ, որի շրջանակներում իրենք պետք է ընտրություն կատարեին, ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել ենք առաջին տարբերակի թույլտվությունը, մեզ առաջարկեցին որ Ջուղայի խաչքարի կրկնօրինակով պատրաստենք հուշակոթողը,  ինչը եւ արել ենք: Խաչքարը պատրաստվել է հանրության դրամահավաքով»:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի  խոսքով՝ Լիլիթ Մարտիրոսյանը տարիներ շարունակ զբաղվում է Մարաղայի խնդրով, ինքը եւս իր ներդրումն ունի այդ գործում: Նա հիշեց, թե ինչպես է 1992թ ապրիլի 10-ին առավոտյան 8:30-ին ստացել առաջին զանգը Մարաղայից: Նաեւ հավելեց, որ  իր ղեկավարծ ՀԿ-ն փաթեթ է կազմել եւ ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով:

Լարիսա Ալավերդյանը տարակուսանք է հայտնում՝ Ծիծեռնակաբերդի տարածքում 3 խաչքար է տեղադրված, որոնք համար երբեք հարկ չի եղել դիմել ԱԳՆ-ին: Նրա համոզմամբ, հատուկ ձգձգում են խաչքարի տեղադրման հարցը, ինչը նսեմացուցիչ է հենց պետական պաշտոնյաների համար: Տիկին Ալավերդյանը զարմանում է, ինչու պետք է մոռանանք մեր պատմությունը, ուրանանք այն ամենը, ինչ պատահել է մեր ժողովրդի հետ, երբ Ալիեւը  հորինված դեպքերի հետ կապված է հարց բարձրացնում ՄԱԿ-ում: «Իսկ ինչու ենք պնդում հենց Մարաղայի վրա, որովհետեւ Մարաղան մի քանի օր ճանաչված Ադրբեջանական Հանրապետության կողմից է իրականացվել, եւ երբ Թուրքիան ճանաչում ենք որպես ցեղասպանություն իրականացնող, պետք է անընդհատ հիշեցնենք, որ Ադրբեջանը եւս գործել է ցեղասպանություն»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment