Тhreads և ТikTok սոցիալական մեդիայի ընդդիմադիր հաշիվներում ու էջերում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը (screenshot):
Մասնավորապես, @qristina363 տիկտոկյան էջի ու Threads-ի օգտատեր Լիլիթ Հրաչիկի Գևորգյանի տարածած լուսանկակում երևում է, իբրև թե Փաշինյանի գրառումը, համաձայն որի՝ նա հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին մեղադրել է «եթովպացիներից այն գողանալու» մեջ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներն ու բաց աղբյուրները, ստուգել նկարը արհեստական բանականության կամ խմբագրումների (photishop) հետքեր հայտնաբերելու նպատակով։
Արտապատկերումները՝ @qristina363, Լիլիթ Հրաչիկի Գևորգյան էջերից։
Փաշինյանը նման գրառում չի արել․ նկարն ԱԲ-ով է ստեղծված
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառում չի արել, ավելին՝ այդ գրառման փաստն ապացուցող հետքեր թվային տիրույթում՝ ԶԼՄ-ների կայքերում ու սոցմեդիայի արժանահավատ աղբյուրներում ևս չկան։
FIP.am-ը էկրանապատկերը ստուգեց արհեստական բանականության կամ խմբագրումների հետքեր հայտնաբերող մի շարք ծրագրերի միջոցով․ այդպիսի հարթակներն (My detector, Decopy AI) անմիջապես հայտնաբերեցին ԱԲ-ի միջամտությունը։
Էջերը ադրբեջանական թեզ են տարածում հայոց գրերի մասին
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց երկու էջերի նախկինում արված հրապարակումները․ ուշագրավ էին տիկտոկյան @qristina363 օգտատիրոջ հրապարակումները, որոնք սատարում էին ըդդիմադիր շարժումներին ու ուժերին, կառավարող ուժի ու Փաշինյանի մասին տարածում ատելության խոսքի վրա հիմնված բովանդակություն։
FIP.am-ը պարզեց նաև, որ հայոց գրերի գյուտը «Մաշտոցի կողմից եթովպացիներից գողացված լինելու» թեզը ադրբեջանական ծագում ունի (1, 2, 3)։
Այսպիսով, ընդդիմադիր տիկտոկյան էջն ակտիվորեն տարածում է ադրբեջանական թեզ հայոց գրերի գյուտի մասին՝ Փաշինյանին վերագրելով կեղծ ֆեյսբուքյան գրառում։
Նանե Մանասյան
The post Գրերի գյուտի մասին ադրբեջանական թեզը՝ ընդդիմադիր էջերում․ Փաշինյանին վերագրվող գրառումը կեղծ է appeared first on FIP.AM.