Խաղաղություն, թե՞ հրադադար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երբ մնացել էր Դոնալդ Թրամփի վերջնագրից ընդամենը մեկ ժամից էլ քիչ ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Ւրանը և ԱՄՆ-ն եկել են համաձայնության երկշաբաթյա հրադադարի շուրջ․ կողմերը այն որակել են որպես սեփական դիվանագիտական հաղթանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ընդունել է իր առաջարկած պայմանները, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնն է զիջումների գնացել։ Որպես բարի կամքի դրսևորում՝ Իրանը վերաբացել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար, ինչն անմիջապես հանգեցրել է նավթի համաշխարհային գների անկման։

Ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մեկնարկելու են ԱՄՆ-Իրան բանակցությունները, որի ընթացքում քննարկվելու է հակամարտության կարգավորման 10 կետից բաղկացած ծրագիրը, որը ներառում է Իրանի անվտանգության երաշխիք հարձակումներից, բոլոր պատժամիջոցների վերացում, ինչպես նաև լիբանանյան «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի հարձակման դադարեցում: Չնայած դրան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբnլլահի» դեմ գործողության շարունակման մասին։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի լուծել Հորմուզի նեղուցի խցանումը․ «Կլինեն շատ դրական գործողություններ: Մեծ գումարներ կաշխատեն: Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը», – հավելով, որ սրա արդյունքում կարող է Մերձավոր Արևելքի համար «ոսկե դարաշրջան» սկսվել:

Իրանի պաշտոնական պատասխանը եղավ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի կողմից․ նա նշել էր, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, Իրանը էլ դրա դիմաց կդադարեցնի իր «պաշտպանական գործողությունները»։

Իր հերթին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության պայմանները ընդունելով՝ Թրամփը «հրաժարվել է իր հուսահատ սպառնալիքներից և բլեֆից»։

Ըստ The New York Times-ի աղբյուրների՝ Իրանը համաձայնել է հրադադարին Պակիստանի դիվանագիտական ​​ջանքերից և Չինաստանի միջամտությունից հետո, որը կոչ էր արել Թեհրանին «ցույց տալ ճկունություն և նվազեցնել լարվածությունը»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարված հարաբերությունները վերաճեցին պատերազմի 2026 թվականի փետրվարի 28-ին, երբ մի շարք ձախողված բանակցություններից հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսրայելի հետ համատեղ, սկսեց հարվածներ հասցրեց Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին՝ հայտարարելով, որ Թեհրանի միջուկային ծրագիրը դարձել է անմիջական սպառնալիք։ Սրան ի պատասխան՝ Իրանը լայնածավալ հրթիռային և անօդաչու հարվածներ հասցրեց տարածաշրջանում ԱՄՆ օբյեկտներին։ Միաժամանակ, Ալի Խամենեիի և մի շարք բարձրաստիճան զինվորական և քաղաքական անձանց սպանությունը դարձավ շրջադարձային պահ՝ խորացնելով ճգնաժամը։

Հիմնական ռազմավարական հանգույց դարձավ Հորմուզի նեղուցը, որտեղ Իրանը սահմանափակեց նավարկությունը՝ առաջացնելով գլոբալ էներգետիկ շուկաների ցնցումներ։ Նավթի գները կտրուկ աճեցին, իսկ միջազգային բեռնափոխադրումները խափանվեցին։

Արդյոք սա հրադադար է, թե՞ խաղաղություն՝ ցույց կտան ապրիլի 10-ի բանակցությունները։

Leave a comment