Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին` Բահրեյնում իրանական հարվածից կան վիրավորներ. Իսրայելը շարունակում է հարձակումը Լիբանանում

Իրանի կողմից Բահրեյնի վրա հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտարարել է Պարսից ծոցի թագավորության ներքին գործերի նախարարությունը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ հրադադարի մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։

«Իրանական անօդաչու թռչող սարքի խոցման հետևանքով Սիտրայի տարածքում երկու քաղաքացի թեթև վնասվածքներ է ստացել,  մի քանի տներ վնասվել են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ քաղաքացիական պաշտպանության խմբերին հաջողվել է վերահսկել «իրանական ագրեսիայի թիրախում գտնվող» օբյեկտում բռնկված հրդեհը, առանց մանրամասնելու օբյեկտի գտնվելու վայրը։

Միաժամանակ, Իսրայելի զինված ուժերն այսօր առավոտյան օդային հարվածների ալիք են իրականացրել հարավային Լիբանանում, ինչը ցույց է տալիս, որ Իսրայելի համար ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։

Այսօր առավոտյան օդային հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող Տյուրոս և Նաբաթիե շրջաններին, համաձայնագրի հայտարարումից հետո։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է, որ համաձայնագիրը ներառում է նաև Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» զինված խմբավորման հետ հակամարտությունը։

Իսրայելի զինվորականները կոչ են արել Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին տարհանվել, ինչը Լիբանանի բնակիչներին ուղղված իրենց երրորդ նախազգուշացումն է ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ հրադադարի մասին հայտարարելուց ի վեր։

«Շտապ նախազգուշացում հարավային արվարձանների բնակիչներին… Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները և հարձակվում «Հըզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքների վրա հարավային արվարձաններում», – սոցիալական ցանցերում հայտարարել է բանակի արաբալեզու խոսնակ, գնդապետ Ավիչայ Ադրային։

«Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք», – ասել է նա՝ նշելով տարհանվող մի քանի թաղամասերի անունները, այդ թվում՝ Հարեթ Հրեյք, Բուրջ Ալ-Բարաջնեն և Ղոբեյրին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դադարեցրել են Իրանի վրա հարձակումները, բայց կշարունակեն գործողությունները Լիբանանում։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ավարտել են հարվածների ալիքը Իրանում» և այժմ դադարեցրել են կրակը՝ «համաձայն քաղաքական ղեկավարության հրահանգների»։

Նշվում է, որ Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ «Իսրայելի ՊԲ-ն շարունակում է իրականացնել թիրախային ցամաքային գործողություններ»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment