ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկշաբաթյա հրադադարի համաձայնությունից մի քանի ժամ անց, մի շարք երկրներ ողջունել են ռազմական գործողությունների դադարեցումը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ իր կառավարությունը ողջունել է երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը։
«Նպատակը հիմա պետք է լինի առաջիկա օրերին պատերազմին վերջնականապես վերջ դնելու շուրջ բանակցությունները», – ասել է Մերցը հայտարարության մեջ։ «Դրան կարելի է հասնել միայն դիվանագիտական ուղիներով»։
Օմանը, որը Պարսից ծոցի արաբական պետություն է, որը միջնորդում էր ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ հասցրին Իրանին, ողջունել է հրադադարը և կոչ է արել «ուժեղացնել ջանքերը» ճգնաժամը լուծելու համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նույնպես ողջունել է հրադադարը և կոչ է արել նմանատիպ «վճռականություն» ցուցաբերել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցում։
«Ամերիկյան վճռականությունն աշխատում է։ Մենք կարծում ենք, որ ժամանակն է բավարար վճռականության, որպեսզի Մոսկվային ստիպեն դադարեցնել կրակը և դադարեցնել Ուկրաինայի դեմ իր պատերազմը», – գրել է Սիբիհան սոցիալական ցանցերում։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը ողջունել է ԱՄՆ-Իրան հրադադարը՝ որպես «հետքայլ անդունդից», որը ստեղծում է դիվանագիտության համար «շատ անհրաժեշտ» պատուհան։
«Պակիստանի միջնորդությամբ կնքված հրադադարը ստեղծում է շատ անհրաժեշտ հնարավորություն՝ մեղմելու սպառնալիքները, դադարեցնելու հրթիռները, վերսկսելու նավագնացությունը և ստեղծելու տարածք՝ դեպի երկարատև համաձայնագիր դիվանագիտության համար», – գրել է Կալլասը X-ում։
«ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին և կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ», – հավելել է Կալլասը, որը չորեքշաբթի պետք է այցելի Ռիադ՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարի հետ բանակցություններ վարելու համար։
Չինաստանը ևս ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը և հավելել, որ Պեկինը կշարունակի աշխատել Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ չորեքշաբթի պատրաստվում է մեկնել Պարսից ծոցի տարածաշրջան՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու վերաբերյալ բանակցությունների համար։
«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը մի պահ թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին», – ասել է Սթարմերը։
«Մեր գործընկերների հետ միասին մենք պետք է անենք ամեն ինչ՝ այս հրադադարը աջակցելու և պահպանելու, այն երկարատև համաձայնագրի վերածելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու համար», – ասել է բրիտանացի առաջնորդը։
Միացյալ Թագավորությունը անցյալ շաբաթ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ առցանց հանդիպում էր անցկացրել մոտ 40 երկրների մասնակցությամբ։ ԱՄՆ-ն չի մասնակցել բանակցություններին։
Սթարմերի այցը Պարսից ծոցի երկրներ նախատեսված էր ԱՄՆ-Իրան հրադադարի հայտարարումից առաջ։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի