ԱՄՆ-Իրան հրադադարի հայտարարումից հետո նավթի գները կտրուկ նվազել են

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը իջել է մեկ բարելի համար 100 դոլարից ցածր, գրում է Meduza-ն։

Ապրիլի 7-ին  նավթի գինը տատանվում էր մեկ բարելի համար 107-110 դոլարի սահմաններում, սակայն լույս ապրիլի 8-ի գիշերը սկսեց կտրուկ անկում ապրել։ Առավոտյան Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր 93-94 դոլարով։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է մինչև 96,75 դոլար մեկ բարելի համար, ինչը կազմում է գրեթե 16% անկում։

Նշվում է, որ ապրիլի 8-ի առավոտյան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ֆոնին ռուսական նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը սկսել են իրենց առևտուրը անկմամբ։

Ամենամեծ անկումը գրանցել են «Ռոսնեֆտը» (-7.2%), «Տատնեֆտը» (-6.6%), «Լուկոյլը» (-4.3%) և «Նովատեկը» (-4%): «Սովկոմֆլոտը» (-3.1%), «Գազպրոմը» (-2.4%), «Ռուսալը» (-1.7%) և «Սուրգութնեֆտեգազը» (-1.6%) նույնպես անկում են ապրել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները երկու շաբաթով կդադարեցնի Իրանի ռմբակոծությունը՝ պայմանով, որ անմիջապես բացվի Հորմուզի նեղուցը: Իրանի իշխանությունները հաստատել են  հրադադարի վերաբերյալ իրենց համաձայնությունը:

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment