SpaceX-ը նպատակ ունի IPO-ի ընթացքում ստանալ ավելի քան 2 տրիլիոն դոլար գնահատում

Իլոն Մասկի աէրոտիեզերական SpaceX ընկերությունը նպատակ ունի IPO-ի ընթացքում ստանալ ավելի քան 2 տրիլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների խոսքով՝ ընկերությունն ու նրա խորհրդատուները այդ գնահատականն արդեն ներկայացնում են պոտենցիալ ներդրողներին։ Մոտ ժամանակներս SpaceX-ը նախատեսում է անցկացնել ներդրողների հետ մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում, ինչպես սպասվում է, կներկայացվեն լրացուցիչ մանրամասներ, որոնք կհիմնավորեն այդքան բարձր գնահատումը։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ SpaceX-ը գաղտնի կերպով ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացրել է IPO անցկացնելու հայտ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընկերությունը նախատեսում է բաժնետոմսերի տեղաբաշխում իրականացնել արդեն հունիսին՝ ակնկալելով IPO-ի ընթացքում ստանալ ավելի քան 1.75 տրիլիոն դոլար գնահատում։ Ընթացիկ տարվա փետրվարին SpaceX-ը ձեռք է բերել Մասկի արհեստական բանականության ստարտափը՝ xAI-ը, և միավորված ընկերությունը գնահատվել է 1.25 տրիլիոն դոլար։

SEC-ին գաղտնի դիմում ներկայացնելու դեպքում ընկերությունները կարող են ստանալ կարգավորիչի արձագանքը և կատարել փոփոխություններ՝ մինչև տեղեկատվության հանրային դառնալը։

Bloomberg-ի տվյալներով՝ SpaceX-ի IPO-ի ծավալը կարող է հասնել 75 մլրդ դոլարի։ Այդպիսով այն կգերազանցի նախորդ ռեկորդը՝ 29 մլրդ դոլարը, որը սահմանել էր Saudi Aramco-ն 2019 թվականին։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Մասկը ցանկանում է SpaceX-ի IPO-ն կապել մոլորակների հազվադեպ շքերթի և իր ծննդյան օրվա՝ հունիսի 28-ի հետ։

Leave a comment