Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը հարկադիր կատարման ոլորտում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր ընդունել է Վրաստանի ԱՆ Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում Սիրո Ամիրխանյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ ընդգծելով երկու երկրների հարկադիր կատարման ոլորտի իրավասու մարմինների միջև ձևավորված համագործակցության կարևորությունը և դրա շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Լաշա Մոձղվրիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ գործընկերների հետ փորձի փոխանակման օգտակարությունը և մասնագիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների հարկադիր կատարման համակարգերի գործունեությանն առնչվող հարցերի, ոլորտում իրականացվող բարեփոխումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հեռանկարներին։

Առանձնակի կարևորվել է Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության ծրագրի ստորագրումը։ Փաստաթուղթը նպատակ ունի երկկողմ համագործակցությունը տեղափոխել առավել համակարգված, ինստիտուցիոնալ և կառուցողական հիմքերի վրա՝ ապահովելով փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորություններ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերային հարաբերությունները և նպաստելու երկու երկրների հարկադիր կատարման համակարգերի միջև արդյունավետ համագործակցության խորացմանը։

Leave a comment