Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը չի դադարեցվել և չի դադարեցվելու։ Այս մասին տեղեկանում ենք ՆՈՒՀ-ի ֆեյսբուքյան էջից։
«Կապանի համայնքապետարանը նախաձեռնել և արդեն իսկ դիմել է 2026 թվականի սուբվենցիոն ծրագրին՝ Բաղաբերդ թաղամասում շուրջ 250 տեղ հզորությամբ նախադպրոցական ուսումնական նոր հաստատություն կառուցելու համար, որտեղ ծրագրի հաստատումից հետո կտեղակայվեն և կշարունակեն գործունեություն ծավալել թիվ 5 և թիվ 12 ոչ տիպային ՆՈՒՀ-երը։
Մինչ նոր շենքի կառուցումը, Կապանի թիվ 5 ՆՈՒՀ-ը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, դեռևս գործելու է ներկայիս հասցեում՝ բնականաբար պահպանելով ու ապահովելով սանիտարահիգիենիկ բոլոր նորմերն ու կանոնները։
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեության կասեցման մասին որոշումը բողոքարկվել է դատարան, ինչի արդյունքում որոշման կատարումը կասեցվել է: Այսինքն, ՆՈՒՀ-ի բնականոն գործունեությունը շարունակվում է, իսկ համայնքապետարանի կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները պայմանները բարելավելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ էին իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: