«TVP-ն գործարկել է VT Hayastan News-ը, որը լրատվական ծառայություն է՝ նախատեսված Հայաստանի եւ արտերկրի հայկական համայնքների համար: Նրա նպատակն է եվրոպական տեսանկյունից լուսաբանել քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրադարձությունները, ինչպես նաեւ նպաստել Եվրոպական միության եւ, մասնավորապես, Լեհաստանի հետ Հայաստանի համագործակցության ամրապնդմանը:
Ծրագրի առաքելությունը ներառում է նաեւ հանրության դիմակայունության բարձրացումը մանիպուլյացիաների ու տեղեկատվական միջամտության նկատմամբ, ինչպես նաեւ Հայաստանի եւ նրա գործընկերների դեմ ուղղված ապատեղեկատվությանը հակազդելը:
Ծառայությունը ստեղծվել է Լեհաստանի ԱԳՆ-ի տրամադրության ներքո գտնվող պետական միջոցներով ֆինանսավորվող TVP-ի Միջազգային մեդիակենտրոնի շրջանակում: Սա «Արեւելյան գործընկերություն» երկրների լսարանին ուղղված բազմալեզու նորությունների ծառայության զարգացման հերթական փուլն է»,- ասված է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ VT Hayastan News-ի թիմը կազմված է հայ լրագրողներ Ռազմիկ Մարտիրոսյանից, Հարություն Ոսկանյանից եւ Նունե Գեւորգյանից:
VT Hayastan News-ի հաղորդումները կհեռարձակվեն Belsat ալիքով երկուշաբթիից ուրբաթ, ինչպես նաեւ YouTube-ում եւ Facebook-ում:
Լեհաստանը հայալեզու ռեսուրս է բացում՝ «ապատեղեկատվությանը դիմակայելու» համար
Երեւան: Մեդիամաքս: Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Telewizja Polska (TVP) հեռուստաալիքում հայալեզու VT Hayastan News ծառայության գործարկման մասին՝ «ապատեղեկատվության դիմակայելու» նպատակով: