«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է 2026 թվականի ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի արդյունքները՝ միաժամանակ հստակ քաղաքական ուղերձ հղելով․ կուսակցությունը իր քվեն տվել է Նիկոլ Փաշինյանին՝ վերահաստատելով նրան որպես վարչապետի թեկնածու։
Ցուցակի ձևավորման ընթացքը ցույց է տալիս կուսակցության ներսում քաղաքական առաջնահերթությունների հստակեցում և թիմային կառուցվածքի ամրապնդում՝ վարչապետի շուրջ համախմբված առանցքային գործիչներով։
Այս ընդհանուր պատկերում, սակայն, առանձնանում է Սասուն Միքայելյանի գործոնը, որը վաղուց արդեն դուրս է զուտ ցուցակային տրամաբանությունից։ Նրա քաղաքական կշիռը ձևավորվել է ոչ թե մեկ քվեարկությամբ, այլ տարիների ընթացքում՝ պետականության կայացման, պատերազմի և ներքաղաքական բարդ գործընթացների միջով անցնելով։
Արցախյան առաջին պատերազմի մասնակից և հրամանատար լինելով՝ Միքայելյանը ներկայացնում է այն սերունդը, որի հեղինակությունը ձևավորվել է իրական պայքարի և անձնական պատասխանատվության հիման վրա։ Սա այն կապիտալն է, որը չի չափվում ցուցակներով կամ տվյալ պահին արձանագրված արդյունքներով։
Նա նաև ղեկավարում է Երկրապահ կամավորների միությունը՝ կառույց, որը տարիներ շարունակ պահպանել է իր տեղն ու ազդեցությունը հասարակական կյանքում։ Իսկ 2018 թվականի Թավշյա հեղափոխության ընթացքում նրա դիրքորոշումն ու մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեցին նրա դերակատարումը երկրի քաղաքական շրջադարձային փուլերում։
Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ ներսում ընթացող գործընթացները, որքան էլ կարևոր լինեն կուսակցական կառուցվածքի տեսանկյունից, ամբողջությամբ չեն արտացոլում առանձին գործիչների իրական ազդեցությունը։
Հ.Գ. Սասուն Միքայելյանի քաղաքական կշիռը ձևավորվել է երկար տարիների ընթացքում և ունի խորքային հիմքեր։ Այդ պատճառով նրան դիտարկել միայն ընտրական ցուցակների տրամաբանության մեջ՝ սահմանափակ մոտեցում կլինի։
Նա շարունակում է մնալ այն գործիչներից, որոնց ազդեցությունը զգացվում է ոչ միայն կուսակցության ներսում, այլև լայն քաղաքական և հասարակական դաշտում՝ որպես անցած ճանապարհով և դիրքորոշմամբ ձևավորված ինքնուրույն արժեք։
Մարգարիտա Դավթյան
«Մեգանյուզ»լրատվական