«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքները

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները համարում է «անհաջող ֆիլմ»։ Այդ մասին ասված է կուսակցության՝ մարտի 30-ի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր Արմավիրի մարզում ընտրակաշառք բաժանելու կազմակերպված սխեմայի բացահայտման մասին, որն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և բանեցնում է իշխանություններին։ Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասը ամիս տևող կալանքն է։ «Ուժեղ Հայաստան»-ն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր են։ Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն՝ օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»,- հայտարարել են կուսակցությունից։

Ըստ իրավապահների՝ մի խումբ անձինք նպատակադրվել են ապահովել քաղաքացիների քվեարկությունը հօգուտ նշված ուժի 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում։

Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Մեծամոր համայնքում բացվել է «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որտեղ Արմավիրի մարզի բնակիչներին 2025-2026 թվականների ընթացքում ձևականորեն գրանցել են որպես աշխատակիցներ։ Պարզվել է, որ նախապես խոստացված ընտրակաշառքը տրամադրվել է աշխատավարձի տեսքով՝ փորձելով քողարկել հանցավոր գործունեությունը։ Կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու նախապայմաններից են եղել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու հանգամանքները։

Բացի այդ, հաղորդվել է, որ 2026-ի փետրվար–մարտ ամիսների ընթացքում՝ բարեգործության օրենսդրական արգելքի պայմաններում, կուսակցության անունից բնակիչներին տրամադրվել են դրամական միջոցներ բժշկական սպասարկման ծախսերը հոգալու համար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են մեկ տասնյակ խուզարկություններ, և ձերբակալվել է հինգ անձ։

The post «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքները appeared first on CIVILNET.

Leave a comment