Թեհրանը որևէ ուղղակի բանակցություն չի վարել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հերքելով այն պնդումները, թե Իսլամական Հանրապետությունն ընդունել է Վաշինգտոնի առաջարկները, գրում է Tasnim-ը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ Բաղային դրանք անվանել է անհիմն և ընդգծել, որ Իրանի դիրքորոշումը սկզբից ևեթ եղել է հետևողական՝ մերժելով միջնորդների միջոցով փոխանցված չափազանցված և անհիմն պահանջները։ Խոսնակը պարզաբանել է, որ քննարկվել են միայն երրորդ երկրների միջոցով ստացված հաղորդագրությունները, որոնք վկայում են բանակցելու ամերիկյան կողմի ցանկության մասին, սակայն հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից դիվանագիտության մասին ցանկացած խոսք պետք է կասկած հարուցի՝ հաշվի առնելով նախկինում ունեցած դավաճանությունների փորձը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և Պակիստանի նախաձեռնած հանդիպումներին՝ Բաղային նշել է, որ դրանք իրականացվում են հենց Պակիստանի կողմից սահմանված շրջանակներում, և Իրանը դրանց չի մասնակցել։ Նա ողջունել է պատերազմը դադարեցնելուն ուղղված տարածաշրջանային երկրների մտահոգությունը, սակայն շեշտել է, որ անհրաժեշտ է հստակ ճանաչել ագրեսորին։ Խոսնակը հստակեցրել է, որ Իրանից չպետք է ակնկալել միակողմանի զսպվածություն, քանի որ երկիրը ենթարկվել է հարձակման և չի եղել ռազմական գործողությունների նախաձեռնողը։ Նրա ձևակերպմամբ՝ քանի դեռ ագրեսիան շարունակվում է, Իրանի ջանքերն ուղղված են լինելու բացառապես ինքնապաշտպանությանը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Թեհրանը որևէ ուղղակի բանակցություն չի վարել ԱՄՆ-ի հետ․ Իրանի ԱԳՆ appeared first on CIVILNET.