Տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով «Կանազ» մշակույթի տանը հրդեհ է բռնկվել. ՆԳՆ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազ» մշակույթի տան շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:

Կատարվում է նախաքննություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգսյանը։

Մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան շենքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել է, որ «Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին: Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր անմխիթար վիճակում:

«Համայնքային սեփականության իրավունքի վերակագնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքեր դեռ չէին սկսվել և պարբերաբար շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին:

Նոր նախագծով, վթարային շենքը վերականգնվելու էր և վերապրոֆիլավորվելու. պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ այն կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք: Նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ»,- ֆեյսբուքում գրել է Կարապետյանը:

The post Տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով «Կանազ» մշակույթի տանը հրդեհ է բռնկվել. ՆԳՆ appeared first on CIVILNET.

Leave a comment