Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրացական մի ընկերություն պայմանագիր է կնքել՝ ռուսական վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի Դոնեցկի տարածաշրջանից ածուխ, մետաղներ և արևմտյան պատժամիջոցների տակ այլ նյութեր արտահանելու համար։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ընկերության՝ George Oil Ltd.-ի սեփականատեր Վալերիան Քոչիաշվիլին հաստատել է այս տեղեկությունը վրացական լրատվամիջոցներին։ Նրա խոսքով՝ ածուխը նախատեսվում է օգտագործել Վրաստանում, ինչպես նաև վաճառել Հնդկաստանին և Թուրքիային։
Այս գործարքների մասին առաջինը հայտնել էին հենց օկուպացված տարածաշրջանի տեղական լրատվամիջոցները։ Դոնեցկում Կրեմլի կողմից նշանակված կառավարության ղեկավար Անդրեյ Չերտկովը մարտի սկզբին հայտարարել էր, որ պայմանագիր է ստորագրել այդ ընկերության հետ։
«Այս փուլում մենք պայմանավորվել ենք մշակել կոնկրետ առաջարկներ այն ապրանքների վերաբերյալ, որոնք պատրաստ ենք մատակարարել շարունակական հիմքով»,- ասել է Չերտկովը։
Նա նաև նշել է, որ սա «գործնական առաջին քայլն է Վրաստանի հետ լիարժեք առևտրային կապեր ձևավորելու ուղղությամբ» և հնարավորություն է՝ ընդլայնելու շուկաները և ամրապնդելու Դոնեցկի տնտեսական դիրքը։
Չերտկովը, ինչպես նաև ռուսական վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայից արտահանվող նյութերը, գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ։
Քոչիաշվիլին իր հերթին բացահայտ խոսել է գործարքի մասին։ Նա ընդդիմադիր TV Pirveli հեռուստաընկերությանը ասել է. «Սա շատ լավ պայմանագիր է, ճկուն պայմանագիր է, պայմանագիր է, որից բոլորը գոհ կլինեն»։
Նա նաև հավելել է՝ հեգնական տոնով. «Այնտեղից ամեն ինչ կվերցնենք, ինչ պետք է Վրաստանին՝ քաղցրավենիք, ռուսական թխվածքներ, ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացեք […] Ես կվերցնեմ, կբերեմ փող, եթե ինձ տան […] Կզգուշացնեմ «Վրացական երազանք»-ին, որ մեզ օգնեն, թե չէ ականջները կկտրեմ, Իվանիշվիլիի ականջներն էլ կկտրեմ»։
Առանձին հարցազրույցում «Ազատություն» ռադիոկայանին Քոչիաշվիլին նշել է, որ արտահանումը կարող է սկսվել ապրիլի վերջին։
«Պետք է հնարավորինս արագ կապեր հաստատենք, որպեսզի վերջ դնենք այս քաոսին։ Այնտեղ ածուխ կա։ Ռուսները վերցրել են այն ուկրաինացիներից, և ես ուզում եմ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանը հարևան երկիր է, և առանց հարաբերությունների Վրաստանը չի կարող առաջ շարժվել։
Քոչիաշվիլին նաև նշել է, որ ապագայում հնարավոր է ընդլայնել առևտուրը այլ ապրանքների հաշվին՝ օրինակ սննդի և աղի։ Նա մասնավորապես հիշատակել է Դոնեցկի մարզում գտնվող Սոլեդար քաղաքը, որը հայտնի է աղի հանքերով և մեծապես ավերվել է պատերազմի առաջին տարում։
Հարցին՝ արդյոք անհանգստանում է հնարավոր պատժամիջոցներից, Քոչիաշվիլին պատասխանել է, որ «դեռ ոչինչ չի սկսել»։
Սա առաջին դեպքը չէ, երբ նա հայտնվում է սկանդալի կենտրոնում։ 2025-ին տուգանվել էր 1000 լարիով (մոտ 370 դոլար)՝ Բաթումիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին հրապարակային վիրավորելու համար։ Վերջինս հաճախ քննադատության թիրախ է լինում «Վրացական երազանք» կուսակցության կողմից։
OC Media-ն դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն հրապարակման պահին պատասխան դեռ չի ստացել։
The post Վրացական ընկերությունը պատրաստվում է գնել պատժամիջոցների տակ գտնվող ածուխ appeared first on CIVILNET.