Իրանի շուրջ պատերազմը խաթարել է տարածաշրջանի ավանդական լոգիստիկ ուղիները։ Պարսից ծոցի արաբական երկրները իրենց գյուղմթերքի էական մասը ներկրում են Հնդկաստանից, և Հնդկաստանի արտահանողները ծովային փոխադրումներից անցում են կատարում օդայինի։ Moneycontrol.com կայքը նշում է, թե ինչպես է այս հակամարտությունն առհասարակ փոխել մատակարարումների շղթաները։ Որոշ դեպքերում Հնդկաստանի արտահանողները ուսումնասիրում են նաև բեռների տեղափոխումը երրորդ երկրների միջոցով, ներառյալ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շուկաների, այդ թվում՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Հայաստանի, որպեսզի նրանց միջոցով հասնեն այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են Իրանը և Իրաքը։
Թարմ մթերքը, որը սովորաբար ծովով մեկ շաբաթում Հնդկաստանից հասնում էր Դուբայ, այժմ տեղափոխվում է օդային ճանապարհով։
«Ավանդաբար առաքումների գրեթե 99 տոկոսը կատարվում էր ծովով, և միայն մոտ 1 տոկոսը՝ օդային ճանապարհով»,- ասել է հնդկական Kay Bee Exports ընկերության ներկայացուցիչ Կաուշալ Խախհարը։ Ըստ նրա՝ այժմ օդային փոխադրումները դարձել են գերակշռող, բայց միաժամանակ գրեթե կրկնապատկվել են ծախսերը։
Խախհարի պես արտահանողների համար այդ փոփոխությունն այլևս անսովոր չէ։
Այնպիսի բիզնեսի համար, որը մեկ խմբաքանակում կարող է ուղարկել մինչև 60 տարբեր ապրանք՝ օկրայից մինչև չիլի պղպեղ, արագությունն արդեն դարձել է վճռորոշ։
Անցումը ծովային փոխադրումից օդայինի ցույց է տալիս, թե ինչպես են Հնդկաստանի արտահանողները հարմարվում՝ շարունակելու սննդամթերքի մատակարարումները դեպի Միջին Արևելք՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Պարսից ծոցում հակամարտությունը խաթարել է աշխարհի ամենակարևոր առևտրային միջանցքներից մեկը։
Միջին Արևելքի ամենախոշոր առևտրային ցանցերից մեկը՝ Lulu Group International-ը, վերանայում է մատակարարման աղբյուրներն ու լոգիստիկան՝ խանութների դարակները լի պահելու համար և համագործակցում է հնդկական մատակարարների հետ՝ ուշացումների և փոխված երթուղիների պայմաններում։ Հնդկական արտահանողների ֆեդերացիայի (FIEO) անդամ և արտահանող Խուշվանտ Ջայնը կայքին ասել է, որ այն բեռները, որոնք արդեն ճանապարհին էին խափանումների սկսվելու պահին, ստիպված են եղել փոխել երթուղիները։
«Այս պահին միայն որոշ նավային գծեր և նավահանգիստներ են գործում»,- ասել է Ջայնը։ «Նավերը, որոնք արդեն ճանապարհին էին, շեղվում են դեպի մոտակա նավահանգիստներ, և այնտեղից բեռները ցամաքային ճանապարհով տեղափոխվում են՝ վերջնական հասցեներին հասնելու համար»։
Օրինակ՝ Դուբայի մոտ գտնվող Ջեբել Ալի նավահանգիստը ներկայում ամբողջությամբ չի գործում, ինչի պատճառով բեռները շեղվում են դեպի հարակից նավահանգիստներ։ Դուբայում գործող DP World գլոբալ լոգիստիկ ընկերությունը բեռները ավտոմոբիլային ճանապարհով տեղափոխում է Արաբական Միացյալ Էմիրություններ և նույնիսկ Սաուդյան Արաբիա։
Սակայն հնդկական արտահանողները հաճախ աշխատում են առանց ապահովագրության, ինչը նրանց ենթարկում է զգալի ֆինանսական ռիսկերի։
Մատակարարման խոցելի շղթայի պահպանումը
«Տարածաշրջանի նավահանգիստների մեծ մասը կապված է Հորմուզի նեղուցի միջոցով, ուստի խափանումները ազդում են ամբողջ ցանցի վրա»,- ասել է Ջայնը։ Ըստ նրա՝ հնդիկ արտահանողները ավելի ու ավելի հաճախ են ապավինում օդային փոխադրումներին՝ մրգեր և բանջարեղեն տեղափոխելու համար։ «Թեև դա ապահովում է ավելի արագ առաքում, սակայն շատ ավելի թանկ է և սովորաբար կիրառվում է միայն հրատապ պատվերների դեպքում»,- ասել է նա։
Փետրվարի վերջից սկսված ճգնաժամը՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, Հորմուզի նեղուցը վերածել է առևտրային նավագնացության համար բարձր ռիսկային գոտու։ Այնուամենայնիվ, դեէսկալացիայի որոշ նախանշաններ կան այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 23-ին հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների վրա նոր հարվածները հինգ օրով դադարեցնելու մասին՝ բանակցությունների համար ժամանակ տրամադրելու նպատակով։
Հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները, ապահովագրության դադարեցված ծածկույթը և բեռնափոխադրումների աճող ծախսերը խաթարել են մի երթուղի, որով անցնում է Հնդկաստանի արտահանման զգալի բաժինը դեպի այս տարածաշրջան։ Խաղադրույքներն անսովոր բարձր են։
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (GCC) երկրները՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Բահրեյնը և Օմանը, իրենց սննդամթերքի մոտ 85 տոկոսը ներմուծում են։ Հիմնական ապրանքների, օրինակ հացահատիկի և բրնձի դեպքում կախվածությունը նույնիսկ ավելի մեծ է։
Հնդկաստանը կարևոր մատակարար է։ Նրա բասմատի բրնձի արտահանման մոտ 40 տոկոսը, հիլի ավելի քան 75 տոկոսը և բանանի ավելի քան 80 տոկոսը ուղարկվում են այնպիսի շուկաներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրաքը և Իրանը։
Բեռների վերաուղղում, երթուղիների վերակառուցում
Քանի որ նավերը խուսափում են Հորմուզի նեղուցից, իսկ կարևոր նավահանգիստները տուժել են, արտահանողները ավելի ու ավելի հաճախ են բեռները վերաուղղում այլընտրանքային հանգույցների միջոցով։
«Հակամարտության ընթացքում ստացած վնասների հետևանքով Ջեբել Ալի նավահանգստի խափանումը զգալի ազդեցություն է ունեցել դեպի Պարսից ծոց սննդամթերքի արտահանման վրա»,- ասել է Խախհարը։ Արդյունքում, ըստ նրա, բեռները շեղվում են դեպի այլ նավահանգիստներ, իսկ այնտեղից ավտոմոբիլային ճանապարհով տեղափոխվում Դուբայ և ԱՄԷ-ի այլ հատվածներ։
Լոգիստիկ օպերատորները աջակցում են այս ժամանակավոր լուծումներին՝ հնարավորություն տալով բեռները շեղված նավահանգիստներից տեղափոխել ԱՄԷ և այնտեղից՝ Ծոցի այլ շուկաներ։
«Սա մեծացրել է թե՛ ծախսերը, թե՛ գործընթացների բարդությունը»,- ասել է նա։
Kay Bee Exports-ի ներկայացուցիչ Խախհարը նաև մատնանշել է տարածաշրջանում պահանջարկի անհավասարությունը։ Նրա խոսքով՝ ԱՄԷ-ում նկատվել է պահանջարկի որոշակի անկում՝ մասամբ բնակչության տեղաշարժերի պատճառով, սակայն դեպի Սաուդյան Արաբիա՝ հատկապես Ջիդդայի միջոցով, և դեպի Օման՝ Սոհար և Սալալա նավահանգիստներով, արտահանումը շարունակվել է համեմատաբար անխափան, քանի որ այս երթուղիները կախված չեն Հորմուզի նեղուցից։
Արագ փչացող ապրանքների դեպքում օդային բեռնափոխադրումները զգալիորեն ակտիվացել են, և արագությունը դարձել է վճռորոշ։
Արտահանողները նշում են, որ օդային բեռնափոխադրումները, որոնք նախկինում հազվադեպ էին օգտագործվում, այժմ զգալիորեն մեծ դեր են խաղում՝ չնայած կտրուկ աճած ծախսերին։
Խախհարի խոսքով՝ որ որոշ ավիաընկերություններ դիտարկում են ուղևորատար ինքնաթիռները որպես բեռնատար օգտագործելու տարբերակը՝ իրականացնելով չարտերային թռիչքներ առանց ուղևորների՝ առավելագույնս օգտագործելով առկա հնարավորությունները։
«Բեռնափոխադրումների բարձր սակագների պայմաններում սա դառնում է առևտրային առումով կենսունակ, թեև դեռ վաղ փուլում է»,- ասաց Խախհարը։
Այլընտրանքային միջանցքների որոնում
Բացի անհապաղ վերաուղղումներից, արտահանողները և ոլորտային կառույցները նաև գնահատում են այլընտրանքային լոգիստիկ ուղիներ՝ նվազեցնելու խաթարված ծովային երթուղիներից կախվածությունը։
Հնդկաստանի Թեյի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Փրաբիր Բհաթաչարջին նշել է, որ արտահանողները կարող են ստիպված լինել դիտարկել տարանցիկ բեռնափոխադրումներ տարածաշրջանային հանգույցների միջոցով, օրինակ՝ Կոլոմբոյի, կամ այլընտրանքային երթուղիներ՝ Ֆուջայրայի նման նավահանգիստներով, որպեսզի պահպանեն մատակարարումների շարունակականությունը։
Նա ասել է, որ այդ տարբերակները կարող են օգնել պահել առևտրի հոսքը, սակայն զգուշացրել է, որ դրանք կարող են հանգեցնել բեռնաբեռնման ավելի բարձր ծախսերի և ավելի երկար տարանցման ժամկետների։
Ներկայում աճում է հետաքրքրությունը երկարաժամկետ այլընտրանքների նկատմամբ, ինչպիսին է Միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը (INSTC)՝ բազմամոդալ ցանց, որը կապում է Հնդկաստանը Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։
Որոշ դեպքերում արտահանողները ուսումնասիրում են նաև բեռների տեղափոխումը երրորդ երկրների միջոցով, ներառյալ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շուկաները՝ հետխորհրդային տնտեսությունների միավորում, ինչպիսիք են Ղազախստանը, Ուզբեկստանը և Հայաստանը, որպեսզի հասնեն այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են Իրանը և Իրաքը։
Ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ այս երթուղիները դեռևս զարգացող տարբերակներ են և չեն կարող ամբողջությամբ փոխարինել գործող ուղիներին։
Բրինձը կանգ է առել, թեյը՝ ճնշման տակ
Չնայած արտահանողները հարմարվում են իրավիճակին, խափանումների ծավալը շարունակում է զգալի մնալ։
Ըստ ոլորտի գնահատականների՝ շուրջ 150,000 տոննա բրինձ, ավելի քան 180 միլիոն դոլար արժողությամբ, ներկայում մնացել է ճանապարհին կամ նավահանգիստներում։ Դրանցից մոտ 11,000 տոննա արգելափակված է Իրանի Բանդար Աբաս նավահանգստում՝ չկարողանալով ոչ մուտք գործել, ոչ էլ դուրս գալ։
«Վճարումներն էլ են ուշանում, ինչը ճնշում է գործառնական կապիտալի վրա»,- ասել է Հնդկաստանի բրնձի արտահանողների ֆորումի փոխնախագահ Դև Գարգը։
Բասմատի բրնձի առաքումները ուշանում են, վերաուղղվում կամ կանգ են առնում՝ պայմանավորված կոնտեյներների պակասով, ապահովագրության դադարեցմամբ և բեռնափոխադրումների աճող ծախսերով։
Վերջին շաբաթներին ծովային վառելիքի արժեքը ավելի քան կրկնապատկվել է՝ մոտ 520 դոլարից հասնելով շուրջ 1,200 դոլարի մեկ տոննայի համար, իսկ միջազգային բեռնափոխադրումների սակագները զանգվածային բեռների դեպքում աճել են ավելի քան 20 տոկոսով։
Նման ճնշումների տակ են նաև թեյի արտահանումները։ Հնդկաստանի թեյի արտահանման մոտ 41 տոկոսը՝ շուրջ 120 միլիոն կիլոգրամ, անցնում է Հորմուզի նեղուցով։
«Ասամի օրթոդոքս» տեսակի թեյը, որը կարևոր արտահանման ապրանք է Իրանի, Իրաքի և ԱՄԷ-ի նման շուկաների համար, հատկապես խոցելի է։
«Եթե իրավիճակը շարունակվի, կարող է առաջանալ ավելցուկ ներքին շուկայում, ինչը կհանգեցնի աճուրդային գների անկմանը»,- ասաց Բհաթաչարջին։
Արագ փչացող ապրանքները՝ ճնշման տակ
Շուտ փչացող արտահանվող ապրանքները՝ մրգերից ու բանջարեղենից մինչև թռչնամիս, ձու և ծովամթերք, շարունակում են մնալ ամենախոցելին խափանումների նկատմամբ։
Նույնիսկ փոքր ուշացումները կարող են հանգեցնել որակի վատթարացման։ Արագ փչացող ապրանքները ավելի մեծ ռիսկի տակ են՝ համեմատած, օրինակ, տեքստիլի նման ապրանքների հետ։
Հնդկաստանի Կոմբինացված անասնակերի արտադրողների ասոցիացիայի նախագահ Դիվյա Կումար Գուլատին նշել է, որ թռչնամթերքի և ձվի արտահանումները ևս ուշացումների խնդրին են առերեսվում։
«Շուտ փչացող ապրանքներն ամենաշատն են տուժել՝ իրենց սահմանափակ պահպանման ժամկետի և խիստ առաքման ժամկետների պատճառով»,- ասել է Գուլատին։
Լոգիստիկ խցանումները, այդ թվում երթուղիների վերաուղղումն ու ավելի երկար տարանցման ժամկետները, արտահանողներին ստիպում են ավելի շատ ապավինել սառեցման շղթայի ենթակառուցվածքին և ավելի խիստ պլանավորել առաքումները։
Միևնույն ժամանակ բեռնափոխադրումների աճող ծախսերը և ապահովագրության բացակայությունը մեծացնում են արտահանողների ֆինանսական ռիսկերը։
Բազմազանեցում՝ Պարսից ծոցից դուրս
Խափանումները արագացրել են Պարսից ծոցի շուկաներից կախվածությունը նվազեցնելու Հնդկաստանի ջանքերը։
Հնդիկ արտահանողներն ուսումնասիրում են այլընտրանքային ուղղություններ՝ Կենտրոնական Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և ԱՊՀ երկրներում՝ ավելի լայն ռազմավարության շրջանակում՝ ռիսկերը բաշխելու և նոր պահանջարկ ներգրավելու համար։
Գուլատիի խոսքով՝ նման բազմազանեցումը կարևոր է աշխարհաքաղաքական խափանումների նկատմամբ երկարաժամկետ դիմադրողականություն ձևավորելու համար։
Ներքին շուկայում ավելցուկային արտադրանքը վերաուղղվում է փչացումը կանխելու և գները կայունացնելու նպատակով։
Սնունդն իր ճանապարհը գտնում է
Moneycontrol.com կայքը գրում է, որ չնայած խափանումներին՝ հույս կա, որ պահանջարկը կկայունանա։
Նույնիսկ հակամարտությունից տուժած շուկաներում առաքումները շարունակվում են՝ թեև ավելի դանդաղ և ավելի բարձր ծախսերով։
Չնայած այս մարտահրավերներին՝ հիմնական շուկաներում, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Օմանը, պահանջարկը շարունակում է մնալ բարձր, և արտահանողները հարմարվում են՝ կիրառելով ճկուն լոգիստիկ պլանավորում և սերտ համագործակցություն ներմուծողների հետ։ «Թեև առևտրի տեմպը դանդաղել է և դարձել ավելի անկանխատեսելի, մատակարարման շղթաները շարունակում են գործել, և արտահանումները հասնում են ներմուծողներին՝ անհրաժեշտ ճշգրտումներով»,- նշել է Գուլատին։
Իսկ Հնդկաստանի բրնձի արտահանողների ֆորումի փոխնախագահ Դև Գարգը նշել է, որ շարունակվող պահանջարկն այնպիսի երկրների կողմից, ինչպիսին Եմենն է, վկայում է, որ սննդամթերքի առևտուրը հազվադեպ է լիովին կանգ առնում նույնիսկ անկայուն ժամանակաշրջաններում։
«Սա ցույց է տալիս, որ պատերազմները վերջիվերջո չեն դադարեցնում սննդի բիզնեսը։ Մարդիկ պետք է ուտեն, պետք է գոյատևեն,- ասել է Գարգը։- Ինչպես էլ լինի, սնունդն այս կամ այն կերպ իր ճանապարհը կգտնի»։
The post Իրանի ճգնաժամը վերաձևում է առևտրի ուղիները․ Հնդկաստանը նոր շուկաներ է փնտրում, այդ թվում՝ ԱՊՀ-ում appeared first on CIVILNET.