Անի Ավետիսյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում երգիչ Թաթա Սիմոնյանը կամ հայտնի բժիշկ Բագրատ Ալեքյանն իբր գովազդում են հիվանդություններ բուժող «հրաշք» միջոցներ՝ վստահեցնելով դրանց արագ և արդյունավետ ազդեցության մասին։
Սակայն իրականում այս մարդիկ երբեք նման հայտարարություններով հանդես չեն եկել։ Տեսանյութերը կեղծված են՝ ստեղծված արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների միջոցով։
Այսպիսի խարդախ սխեմաները վերջին շրջանում կրկին ակտիվացել են սոցցանցերում՝ հատկապես Ֆեյսբուքում, որտեղ կասկածելի «դեղերի» գովազդները լայն տարածում են գտել։
Կասկածելի «դեղերի» գովազդներ
Սոցցանցերում տարածվող գովազդները ներկայացվում են որպես տարբեր հիվանդությունների «արագ» և «արդյունավետ» բուժման միջոցներ։ Դրանք տարածվում են ֆեյսբուքյան մի շարք էջերի միջոցով և օգտատերերին ուղղորդում են կասկածելի կայքեր։
Հրապարակումներից մեկը, օրինակ, գովազդում է «Сила Пчелиi» («Մեղվի ուժը») անվամբ միջոցը, որը ներկայացվում է որպես վարիկոզի բուժման արդյունավետ լուծում։ Տեսանյութերում նշվում է, թե այն կարող է արագ վերացնել երակների խնդիրները և բարելավել արյան շրջանառությունը։
Նույն մեթոդով առաջարկվում են նաև պսորիազի, շաքարախտի, հոդերի ցավերի, տեսողության խնդիրների և նույնիսկ կրծքերի մեծացման «դեղամիջոցներ»։
Գովազդներից որոշները ստեղծված են դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով։
Օրինակ՝ գովազդներից մեկում ներկայացվում է իբր «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդման թողարկում, որտեղ խոսում է ռուսաստանահայ հայտնի կարդիովիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը, իսկ որպես պացիենտ ներկայացվում է Թաթա Սիմոնյանը։ Բագրատ Ալեքյանն առաջին անգամ չէ, որ թիրախավորվում է խարդախների կողմից․ նրա կերպարը օգտագործվել է տարբեր կեղծ գովազդներում։ #CivilNetCheck-ը արդեն մի քանի անգամ անդրադարձել է այս դեպքերին։Իսկ Թաթա Սիմոնյանի տեսանյութի օրիգինալ տարբերակը վերցված է 2025-ին հոկտեմբերին հրապարակված Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդումից, որում երգիչը որևէ հրաշք միջոցների մասին չի խոսել։
Գովազդներից մեկում ներկայացվում է, թե խոսում է հայ հայտնի վիրաբույժ Էլման Ամիրյանը։ Սակայն իրականում տեսանյութում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն է, որի խոսքը դիփֆեյք տեխնոլոգիայի միջոցով փոփոխվել է։ Կադրերը վերցվել են 2020-ին հրապարակված հարցազրույցից
Ֆեյսբուքյան էջեր և գովազդներ
Գովազդները տարածող էջերից մեկը ստեղծվել է դեռ 2011 թվականին և կառավարվում է Լիտվայից։ Սակայն այն ակտիվություն է ցուցաբերում հատկապես վերջին շրջանում․ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում էջը հրապարակել է առնվազն չորս նույնատիպ գովազդ:
Այս գովազդները տարածվում են մեծ արագությամբ և ինտենսիվությամբ։ Մի քանի նման գովազդ բացելուց հետո օգտատիրոջ լրահոսը գրեթե ամբողջությամբ լցվում է նմանատիպ առաջարկներով։ #CivilNetCheck-ին հաջողվեց գտնել ակտիվ գովազդներ ունեցող ավելի քան տասը էջ, որոնց միջոցով տարածվում են տասնյակ գովազդներ։
- Fable resuscitation 28
- Vaccine Information.
- Outdami
- Angela Worthington
- MedFacts Daily
- Still Point
- Medical Desi
- Digital den
- Sullivan Steven Simon
- Daily Scoop
- 333
- Bilkopotitt
- Shop Shout
Կեղծ կայքեր և կասկածելի հղումներ
Գովազդների հղումները տանում են դեպի տարբեր կայքեր, որոնք ունեն նույնատիպ կառուցվածք, սակայն հաճախ փոխում են իրենց անվանումները։ Դրանցից մի քանիսն են՝
- polin[.]life
- intone.geshop[.]one
- mx-fendyx[.]rest
- 24-med[.]online
- Psoriaz-am.geshop[.]one
- govmed24[.]ru
- Mx-kynquor[.]rest
Օրինակ՝ govmed24[.]ru կայքի գլխավոր էջը հնարավոր չէ բացել, սակայն գովազդում տեղադրված հղումը տանում է նույն կայքի ներսի էջ, որտեղ թուրքերենով գովազդվում է իբր շագանակագեղձի բուժման միջոց։
Կայքերից մեկում ներկայացված են նաև իբրև գոհ հաճախորդների կարծիքներ։ Թեպետ մեկնաբանությունները գրված են հայերեն, օգտահաշիվների անունները ռուսական են։
Ինչ «դեղերի» մասին է խոսքը
Թեպետ գովազդների մեծ մասը վերաբերում է «Մեղվի ուժը» անվամբ արտադրանքին, որոշ կայքերում երևում են տարբեր լոգոներ, այդ թվում՝ «Здоров с любовью» բրենդը։ Վերջինս վաճառվում է ռուսական առցանց խանութներում և հիմնականում առաջարկում է տղամարդկանց առողջության և հիգիենայի միջոցներ։
«Մեղվի ուժը» բրենդը նույնպես լայնորեն հասանելի է ռուսական առցանց հարթակներում։ Սակայն կեղծ էջերն ու կայքերը այն ներկայացնում են որպես «դեղատներում չվաճառվող բացառիկ միջոց»։
Հայաստանում հայտնի Wildberries և Ozon հարթակներում ևս կարելի է գտնել այս բրենդի արտադրանքը։ Ի տարբերություն կեղծ գովազդների՝ այս հարթակներում դրանք ներկայացված են որպես բնական բաղադրիչներով քսուքներ կամ վիտամիններ և չեն դասվում դեղամիջոցների շարքին։
Այսպիսով, թեև գովազդներում ներկայացվող արտադրանքները իրականում վաճառվում են տարբեր առցանց հարթակներում, դրանք դեղամիջոցներ չեն, այլ հիմնականում վիտամիններ կամ բնական քսուքներ։ Սոցցանցերում տարածվող գովազդները, սակայն, դրանք ներկայացնում են որպես տարբեր հիվանդություններ «արագ» և «արդյունավետ» բուժող միջոցներ՝ օգտագործելով կեղծ պնդումներ և ԱԲ տեխնոլոգիայով ստեղծված տեսանյութեր։
The post DeepFake բժիշկներ, կեղծ դեղեր. սոցցանցերի նոր խարդախությունը appeared first on CIVILNET.