Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
2025-ի օգոստոսին «Հրապարակ» թերթը գրել էր, թե շուրջ երկու ամիս առաջ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը։ Factor.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր նույն անունը՝ հավելելով, որ նա հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների և ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա մեկնելիս։
Քննչական կոմիտեն 2025-ի օգոստոսի 29-ին պաշտոնապես հաստատել էր, որ արտաքին գործերի նախարարության աշխատակցի նկատմամբ պետական դավաճանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, և նա կալանավորված է։ Միևնույն ժամանակ, կոմիտեն հերքել է լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե ձերբակալվածը բարձրաստիճան պաշտոնյա է կամ հյուպատոս է եղել։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից՝ Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ» ,- գրել է փաստաբանը։
Փաստաբան Պողոսյանը գրել է, որ, ըստ Դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։
«Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար» ,- գրել է փաստաբանը։
The post Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է․ փաստաբան appeared first on CIVILNET.