Փաշինյանը և արցախցի փախստականների դեմ ատելության խոսքի գործիքայնացումը

Տիգրան Գրիգորյան

2025-ի հուլիսին, երբ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետներով հրապարակել էինք արցախցի փախստականների դեմ տարածվող ատելության խոսքի վերաբերյալ զեկույց, մենք այդ երևույթի հետ կապված մի քանի կարևոր օրինաչափություններ էինք արձանագրել։ Առաջինն այն էր, որ փախստականների նկատմամբ ատելության խոսքի ծավալները աճում են ներքաղաքական լարվածության ժամանակահատվածներում։ Այդ առումով գալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված գլխավոր մտավախություններից մեկն այն էր, որ արցախցի փախստականները կրկին կդառնան քաղաքական դերակատարների հարձակումների և նրանց կողմից տարածվող ապատեղեկատության թիրախ։ 

Հայաստանում նախընտրական շրջանի փաստացի մեկնարկից հետո այս մտավախությունները աստիճանաբար սկսել են կյանքի կոչվել։ 2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնելու ընթացքում դիմեց արցախցի մի կնոջ (Արմինե Մոսիյանին) և իր երեխային, առաջարկեց նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվեց՝ ներկայացնելով իր պատճառները, ինչից հետո Փաշինյանը շարունակեց բանավիճել նրա հետ՝ ի հեճուկս վերջինիս խնդրանքին չշարունակել զրույցը։ Այնուհետ, Փաշինյանը բարձրացրեց ձայնը, կնոջ հետ խոսեց մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի, նա ասաց, որ կխոսի այդպես, հայտարարելով, որ Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «մյուս անգամ փախածներով չփորձեն ասել, որ ինքը Ղարաբաղ է տվել»։ 

Հատկանշական է, որ կնոջ կողմից նույնիսկ այդպիսի պնդում չէր արվել այդ զրույցում։

Ավելի ուշ՝ այդ օրվա ընթացքում, վարչապետ Փաշինյանը նախ հերքեց, որ արցախցի կնոջը «փախած» էր անվանել՝ հայտարարելով, որ դա բացառված է,  իսկ որոշ ժամանակ անց փորձեց հիմնավորել և մեկնաբանել իր ասածները, իսկ արդեն օրվա վերջում որոշ վերապահումներով ներողություն խնդրեց Արմինե Մոսիյանից։

Այնուամենայնիվ, նույնիսկ Փաշինյանի ներողությունից հետո իշխանությունների վերահսկողության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ շարունակեցին թիրախավորել կնոջը։ 

Araratnews-ն ու Medianews-ը Մոսիյանին վերագրեցին խոսքեր, որոնք նա չէր ասել Փաշինյանի հետ միջադեպի ընթացքում։ Մասնավորապես, այս լրատվամիջոցները իրենց հրապարակած նյութերում պնդել են, որ Մոսիյանը Փաշինյանին ասել էր, որ «չի ընդունում Հայաստանը, թքած ունի և իրեն ու իր երեխային պետք չէ Հայաստանի Հանրապետությունը»։ Այս կեղծիքը, ամենայն հավանականությամբ, հորինվել էր Փաշինյանի պահվածքը ռացիոնալացնելու և արդարացնելու համար։ 

Մեր զեկույցում արձանագրել էինք, որ գոյություն ունի լավ մշակված մեխանիզմ, որի միջոցով իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները տարածում են ատելության խոսքը՝ միասնական ջանքերով տիրաժավորելով ֆեյսբուքի պրոիշխանական բլոգերների ատելության խոսք պարունակող գրառումները։ Այս բոլոր լրատվամիջոցների դերակատարությունը արձանագրվել էր զեկույցում։
Փաշինյանի մասնակցությամբ այս միջադեպից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Փաշինյանի և իշխանական մեդիայի պահվածքը և կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել արցախցիների դեմ տարածվող ատելության խոսքը սանձելու համար։ 

Փաշինյանի պահվածքը այս միջադեպի ընթացքում ատելության նոր ալիք բարձրացրեց փախստականների նկատմամբ։ Սրան մեծապես նպաստեցին նաև իշխանական մեդիայի և պրոիշխանական տարբեր գործիչների խտրական ու փախստականներին թիրախավորող գրառումներն ու հարցազրույցները։ 

Միջադեպի ընթացքում Փաշինյանը օգտագործել էր փախստականների դեմ կիրառվող երկու տարածված պատում, որոնք արձանագրվել էին նաև նախորդ տարվա մեր զեկույցում։ Այդ պատումները արցախցիներին ներկայացնում են որպես դասալիք և անշնորհակալ։ 

Այն, որ Փաշինյանը խոսում էր ծախսված միլիարդների մասին և հավելում, որ ինքն իրավունք ունի բարձր տոնով խոսել փախստականների հետ, «անշնորհակալ ղարաբաղցիների» պատումի վերարտադրումն էր։ Բռնի տեղահնվածներին «փախածներ» անվանելով՝ նա վերատադրում էր «դասալիք ղարաբաղցիների» մասին պատումը, որը նախկինում կիրառվում էր նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ 

Փաշինյանի այս խտրական պատումների բարձրաձայնումը լեգիտիմացնում է դրանք և ավելի մեծ ծավալներով տարածում կենցաղային մակարդակում։ Նույն էֆեկտը ունեն նաև իշխանական լրատվամիջոցների կողմից փախստականներին թիրախավորող, նրանց մասին ապատեղեկատվություն տարածող նյութերը։ Այսպես, օրինակ, Araratnews-ի և Medianews-ի կողմից Արմինե Մոսիյանին վերագրված կեղծ պնդման հրապարակումից հետո այն որպես Փաշինյանի պահվածքի արդարացում օգտագործվել է սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի կողմից։ 

Արցախցի փախստականների դեմ տարածվող ատելության խոսքը, դրա գործիքայնացումը քաղաքական դերակատարների կողմից Հայաստանի հասարակական համախմբվածությունը խաթարող գլխավոր մարտահրավերներից է, որը լուրջ խոչընդոտ է կարող լինել նաև երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացում։ Այս խնդիրը առանձնապես սրվում է ներքաղաքական լարվածության ժամանակահատվածներում։ Այս մարտահրավերը հաղթահարելու համար անհրաժեշտ է ինչպես լայն հանրային, այնպես էլ միջազգային կոնսոլիդացված ճնշում բոլոր այն դերակատարների նկատմամբ, որոնք անհետևանք շահագործում են այս թեման՝ սեփական սխալները սրբագրելու և նեղ քաղաքական նպատակների հասնելու համար։ 

Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։

The post Փաշինյանը և արցախցի փախստականների դեմ ատելության խոսքի գործիքայնացումը appeared first on CIVILNET.

Leave a comment