Վրաստանի Մառնեուլիի շրջանում կկառուցվի Հայաստան մտնող «Ղազախ-Սագուրամո» գազատարի նոր՝ 5,5 կմ երկարությամբ հատված՝ ադրբեջանական սահմանի մոտ գտնվող ականապատ գոտին շրջանցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության հրապարակած հայտից։
Նախագծի անհրաժեշտությունը, ըստ «Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի», առաջացել է այն պատճառով, որ գործող գազատարի վերջին մեկ կիլոմետրանոց հատվածը գտնվում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հատման գոտում, որը 1990-ականների հակամարտության տարիներին ականապատվել է։ Այդ տարածքում հնարավոր չէ իրականացնել տեխնիկական սպասարկում կամ վթարավերականգնողական աշխատանքներ, ինչը վտանգում է Հայաստանի անխափան գազամատակարարումը։
Փաստաթղթերում նշվում է, որ մինչև 1990-ը Հայաստանը գազ էր ստանում Ադրբեջանից՝ «Ղազախ-Երևան» խողովակաշարով, սակայն հակամարտության սրման պատճառով Ադրբեջանը միակողմանիորեն դադարեցրել էր մատակարարումը։ Արդյունքում Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրով որոշվել էր ռուսական գազը Հայաստան հասցնել «Վլադիկավկազ-Թբիլիսի» մայրուղուն միացված «Կարմիր կամուրջ-Բերդ» նոր հատվածով։
Ներկայում որոշվել է գազատարի խնդրահարույց հատվածը տեղափոխել ականապատ գոտուց և կառուցել նորը՝ անվտանգ հեռավորության վրա։ Քանի որ նոր հատվածի երկարությունը գերազանցում է 5 կիլոմետրը, այն ենթակա է բնապահպանական փորձաքննության։
The post Վրաստանից Հայաստան մտնող գազատարի մի հատվածը կտեղափոխվի՝ շրջանցելով Ադրբեջանի սահմանը appeared first on CIVILNET.