ՀՀ փոխվարչապետը Ղազախստանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որն անցկացվում է Ղազախստանի Շիմկենտ քաղաքում։ Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը և Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակիլբեկ Ժապարովը։ Կողմերը քննարկում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրատնտեսական համագործակցությանը, արդյունաբերական փոխգործակցությանը և ներքին շուկայի կատարելագործմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նիստի օրակարգում կքննարկվեն նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրացիոն համագործակցության խորացման հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հիմնական ոլորտներում միջմիութենական համագործակցության ամրապնդման, մաքսային վարչարարության կատարելագործման, արդյունաբերական համագործակցության, ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման, սպառողների պաշտպանության և հինգ երկրների մակրոտնտեսական իրավիճակի վրա։

Մասնակիցները կկենտրոնանան արդյունաբերական ոլորտում համագործակցության վրա։ Նախատեսվում է միութենական բյուջեից միջոցներ հատկացնել ագրոարդյունաբերական համալիրում համատեղ նախագծերի իրականացման համար և հաստատել Եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման և գործունեության մասին կանոնակարգը։

Նախատեսվում է հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը սպառողների պաշտպանության ոլորտում Միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրի 2022-2025-ի իրականացման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև նմանատիպ թարմացված փաստաթուղթ մինչև 2030-ը ժամանակահատվածի համար։ Հանձնաժողովը կներկայացնի ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական իրավիճակի տարեկան վերանայում և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկներ։

The post ՀՀ փոխվարչապետը Ղազախստանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին appeared first on CIVILNET.

Leave a comment