Հայկական կողմից շինաշխատանքները սկսվելուց հետո կավարտվեն 5 տարվա ընթացքում. թուրք նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Քաղաքականություն

26.03.2026 | 16:11

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կիրառել  Yeni Şafak-ի հետ զրույցում։

«Մենք սկսել ենք երկաթուղային ենթակառուցվածքների շինարարությունը Կարսից մինչև Նախիջևանի սահման հատվածում: Մենք լիովին կատարում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման մեր պարտականությունը և վճռականորեն առաջ ենք շարժվում՝ Թուրքական պետությունների կազմակերպության աշխարհագրությամբ երկաթուղային անխափան ինտեգրումն ապահովելու համար: Այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքի հիմնական անցուղու գիծը, որն անցնում է Հայաստանի Մեղրիի շրջանով, մոտավորապես 42-43 կիլոմետր երկարություն ունի»,- նշում է նա:

Թուրք պաշտոնյան ընդգծել է՝ շինարարական աշխատանքները հայկական կողմում դեռևս չեն սկսվել, քանի որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը դեռևս չի ավարտվել։

«Նախիջևանում շուրջ 80 կիլոմետր երկարությամբ գործող գծի բարելավման և արդիականացման աշխատանքներն ավարտվել են, իսկ 15-20 կիլոմետր երկարությամբ նոր գծի կառուցումն ընթանում է ըստ նախատեսվածի։ Եթե շինարարական աշխատանքները սկսվեն Հայաստանի կողմից այս տարի, դրանք, ենթադրաբար, կավարտվեն 5 տարվա ընթացքում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment