Իրանի Խարգ կղզին՝ ԱՄՆ-ի ուշադրության առանցքո՞ւմ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի համար 1000-ից ավելի դեսանտային ուժեր է ուղարկում Մերձավոր Արևելք։ Այդ մասին նշում են ամերիկյան աղբյուրները՝ վերահաստատելով հարցի շուրջ ավելի վաղ հայտնած ԱՄՆ նախագահի մտադրությունը։

Իրանին վտանգը կարծես մոտ է թվում։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ փորձ է արվում Ծոցի արաբական երկրներից մեկի միջոցով գրավել Իրանի կղզիներից մեկը և սպառնացել, որ նման պարագայում Թեհրանը կհարվածի տվյալ երկրի կենսական ենթակառուցվածքներին։

Ղալիբաֆն իր գրառման մեջ անուններ չի նշել, սակայն մնում է ենթադրել, թե որ երկրին, կամ էլ որ կղզին նա նկատի ուներ։

Ըստ AL-Jazeera-ի՝ Իրանում նշում են Արաբական Միացյալ Էմիրության մասին, որը կարող է միանալ Իրանի դեմ հնարավոր ցամաքային գործողությանը։ Բացառված չէ նաև Սաուդյան Արաբիան, որն ըստ տարածված կարծիքի, կողմ է Իրանի դեմ պատերազմը շարունակելուն, քանի որ մտահոգվում է Իրանի ռազմական կարողությամբ։

Ինչ վերաբերում է իրանական կղզիների հարցին՝ շատերի մտքում Խարգ կղզին է։ Իրանի հիմնական տարածքից 25 կմ հեռավարությամբ գտնվող և աննշան տարածքով Խարգը, ունի հսկայական նշանակություն։ Նավթի պահուստավորման ու արտահանման թիվ մեկ տերմինալ համարվող Խարգով է հոսում Իրանի հում նավթի 90-տոկոսը։ Այն օրական կազմում է մոտ 1,5 միլիոն բարել, ինչը համաշխարհային նավթի առևտրի շրջանառության 1,5 տոկոսն է։

Կղզու վերահսկողության նշանակությունը չափազանց մեծ է գնահատվում ԱՄՆ-ի համար։ Այն ոչ միայն լրջորեն կսպառնար Իրանի տնտեսությանը, այլև՝ իրանական նավթի փոխադրմանը Չինաստան։ Սակայն բազմաթիվ արևմտյան փորձագետներ ցամաքային գործողության հաջողությունը ռիսկային են համարում։

The post Իրանի Խարգ կղզին՝ ԱՄՆ-ի ուշադրության առանցքո՞ւմ appeared first on CIVILNET.

Leave a comment