Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առթիվ, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա վերջին տարիներին ձեռք բերված զինտեխնիկայի ցուցադրություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ նախատեսվող միջոցառումը ոչ թե դասական զորահանդես է, այլ յուրօրինակ «հաշվետվություն» Հայաստանի քաղաքացիներին։
«Մենք այս թեմայով աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու, և մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- պարզաբանեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ նոր սպառազինությունը հրապարակային ցուցադրելու որոշումը կայացվել է քաղաքացիների մեծ հետաքրքրվածության պատճառով։ Ըստ նրա՝ քանի որ տեխնիկան տեսնելու համար հերթագրվածների թիվը չափազանց մեծ է եղել, խմբային այցելությունների կազմակերպումը դարձել է ոչ իրատեսական։ Բացի այդ, բաց ցուցադրությունը թույլ կտա խուսափել տեղեկատվության հնարավոր աղավաղումներից։
«Կարծում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»,- նշեց Փաշինյանը:
The post Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կցուցադրվի ձեռք բերված զինտեխնիկան appeared first on CIVILNET.