«Խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է»․ այս թեզով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ սահմանել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման նոր տեսլականը։
Վարչապետն այս մասին խոսել է կառավարության մարտի 26-ի նիստին՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման նախագծի ներկայացման ժամանակ։
Փաշինյանը քննադատել է բոլոր այն միտումները, որոնք Արցախից բռնի տեղահանված և Արևմտյան Հայաստանից գաղթածների սերունդներին պահում են «պանդուխտի» կարգավիճակում և սպասողական հոգեվիճակում։
«Երբ որ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին՝ նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն և ակնհայտորեն նկատի ունենք, մենք, ըստ էության, առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը մենակ պայմանագիր չի, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ այդ ճամպրուկը կապած վիճակում չկա ավելի դաժան ու տառապալի բան, քան սպասումը»,- հայտարարել է վարչապետը։ Նրա համոզմամբ՝ միայն ներքին հոգեբանական խաղաղումն ու սեփական պետության տարածքում հաստատվելու գիտակցումն է լինելու խաղաղության և անվտանգության հիմնական երաշխավորը։
Ըստ վարչապետի՝ պատմական տարածքների վերադարձի մասին խոսույթները կայսերական քաղաքականության արդյունք են, որոնց նպատակը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության կայացումը թույլ չտալն է։
«Մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում։ Սա կայսերական քաղաքականություն է, սա հակահայկական, ապահայկական կայսերական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք․ հեսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, հեսա կվերադառնաք Վան, Մուշ,Կիլիկիա և այլն։ Սա ստալինյան հայրենասիրության դրսևորում է։ Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ․ առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը՝ թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրական խաղաղությունը ենթադրում է «բողչաները քանդել» և անցնել մշտական բնակության ռեժիմի հենց Հայաստանի Հանրապետության տարածքում։ Նա արձանագրել է, որ նախկինում եղած խաղաղությունն իրականում եղել է սառեցված պատերազմ՝ պահպանված ինքնիշխանության և զարգացման հաշվին, իսկ այսօրվա պատմական ձեռքբերումը չի կարելի զոհել գերտերությունների շահերին։
The post Ըստ Փաշինյանի՝ վերադարձի մասին խոսելը կայսերական քաղաքականություն է appeared first on CIVILNET.