Միջազգային երաշխավորներն առաջնորդվում են սեփական շահերով, և խաղաղության ամրությունը պետք է հիմնված լինի կողմերի միջև փոխշահավետ համագործակցության, այլ ոչ թե արտաքին միջամտության վրա։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
«Ինչ-որ այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Հիմա մի քիչ փորձենք հիշենք, շատ վաղ անցյալի մասին չեմ խոսում, դրանից երևի երկու շաբաթ առաջ և այդպես մի երկու, երեք, չորս տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, չէ՞։ Հիմա նոր բան են սկսել ասել, որտեղ նրբերանգ է մտել այս վերջին օրերին՝ նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորված»,- ասել է նախարարը։
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում երաշխավոր պետությունները առաջնորդվում են բացառապես սեփական շահերով։ Ըստ նախարարի՝ պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ երաշխավորների մասնակցությամբ կնքված պայմանագրերը հեշտությամբ խախտվել են, երբեմն հենց այդ նույն երաշխավորների կողմից։
«Միջազգային հարաբերություններում ոչ ոք, ոչ ոքի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և նաև իր զինվորների արյունը չի թափում։ Մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված և մի երաշխավորի կողմից չէ, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, խախտվել են երբեմն երաշխավորների կողմից»,- ասել է Միրզոյանը։
Նախարարի պնդմամբ՝ խաղաղության կայունությունը պայմանավորված է ոչ թե արտաքին երաշխավորներով, այլ կողմերի միջև փոխշահավետ համակարգի ստեղծմամբ։ Նա նշել է, որ խաղաղությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ կարևորելով տնտեսական փոխկապակցվածությունը և երկկողմ առևտուրը։
«Իմ խորին համոզմամբ՝ խաղաղությունը կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերին էլ։ Հետևաբար մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների համագործակցության, հանդուրժողականության համակարգ, մեխանիզմ, մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի համար, և՛ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը»,- ասել է նախարարը։
ԱԳ նախարարը քննադատել է ընդդիմությանը այլընտրանքային հստակ ծրագիր չունենալու համար։ Նա կասկածի տակ է դրել նրանց պատկերացումները Արցախի ժողովրդի վերադարձի վերաբերյալ՝ նշելով, որ ընդդիմադիրների առաջարկած նշաձողը կարող է ավելի ցածր լինել, քան նախկինում քննարկվող տարբերակները։
«Մի հատ ասենք՝ լավ, համաձայն ենք, այդպես մի հատ կարո՞ղ եք բացեք ձեր պատկերացրած խաղաղությունը կետերով ո՞նց է լինում։ Վստահ եմ՝ չեն կարող երկու կետ էլ ասեն։ Կարող է պարզվի, որ իրենց պատկերացրած ղարաբաղցիների բնակությունը Ղարաբաղում նշաձողը տասնապատիկ ավելի ցածր է, քան այն, որ մենք էինք ասում, որ մի քիչ նշաձողը իջացնենք՝ կարող է հնարավոր է լուծումներ գտնել»,- նշել է Միրզոյանը։
The post Երաշխավոր պետություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահերով․ Միրզոյան appeared first on CIVILNET.