Չեն հայտարարել, բայց նախաձեռնել են․ Ռուբինյանի մոլորեցնող պնդումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, թե  իրենք «ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չեն հայտարարել»։ 

Լրագրողների դիտարկմանը, թե 6-րդ գումարման Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը, որի մաս էր կազմում նաև ՔՊ-ն, դրա վերաբերյալ նախագիծ է ներկայացրել, փոխխոսնակը պատասխանել է․ «Լսում է եղել, «Քաղաքացիական պայմանագիրը», երբեք, եթե նկատի ունեք 2018 թվականից առաջ, չի հայտարարել, թե իշխանության գալու դեպքում դուրս  է գալու ԵԱՏՄ-ից»։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ռուբինյանի հայտարարությունները, ինչպես նաև ԵԼՔ խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի պատմությունը։ 

Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ է ներկայացրել 

Այսպես, 2017 թվականին, 6-րդ գումարման ԱԺ անցած ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության անունից պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծ։

ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարության նախագիծը քննարկվել և 10 դեմ, 1 կողմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացություն էր ստացել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ 

Ավելի ուշ, ընդդիմադիր խմբակցությունը, օգտվելով նոր կանոնակարգ օրենքով տրված հնարավորությունից, կառույցից դուրս գալու վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը լիագումար նիստում դրել էր մեկուկեսժամյա արտահերթ քննարկման: 

«Այս նախագծի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է, ԵՏՄ տարածքում այն հարվածներ է ստացել», — հայտարարում էր հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Թեև առկա տվյալները չեն վկայում այն մասին, որ ՔՊ-ն որպես առանձին քաղաքական ուժ երբևէ հայտարարել է իշխանության գալու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու պարտավորություն ստանձնելու մասին, սակայն կուսակցությունը եղել է ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի կազմում, որը նախաձեռնել է կառույցը լքելու նախագիծը։ 

ԵԼՔ-ի և անձամբ Փաշինյանի նախաձեռնությամբ նման նախագծի շրջանառումը վկայում է, որ հարցը ընդունելի ու օրակարգային է դիտարկվել այդ թվում նաև ՔՊ-ի համար։  

Այսպիսով, Ռուբինյանի ձևակերպումը չի արտացոլում ամբողջական քաղաքական պատկերը՝ ստեղծելով թերի կամ միակողմանի պատկեր նախկինում ՔՊ-ի ունեցած դիրքորոշումների վերաբերյալ։ 

Նանե Մանասյան

The post Չեն հայտարարել, բայց նախաձեռնել են․ Ռուբինյանի մոլորեցնող պնդումը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին appeared first on FIP.AM.

Leave a comment