Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր հանրային մեղադրողը ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։
Ըստ մեղադրողի՝ գործով հարցաքննված վկաների ցուցմունքները հաստատել են նրանց կապը Բագրատ սրբազանի ու «Սրբազան շարժման» հետ, ինչը, ըստ դատախազի, վկայում է այն զգուշավոր քայլերի մասին, որոնք իրականացրել են նրանք։ Մեղադրողը օրինակ բերեց հանդիպման ժամանակ սենյակ մտնելիս գաղտնալսող սարքեր փնտրելը կամ իրենց հեռախոսները սենյակից դուրս հանելը, որպեսզի չգաղտնալսվեն, և այլն։
Հանրային մեղադրողը վերջացրել է հետազոտման ենթակա ապացույցների թվարկումը, Բագրատ սրբազանն արձագանքել է․ «Շատ տպավորիչ է մեր մասին գրված 35 հատորանոց գիրքը։ 7 ամիս է՝ անմեղության կանխավարկածը ամենավերջին ձևով բռնաբարվել է մեր երկրում բոլոր առումներով՝ սկսած Ազգային ժողովից, վերջացրած Պետրոսի հեռուստաընկերությամբ։ Մարդկանց են վերագրվում երևույթներ՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Իմ գլխավորությամբ՝ 18 արդար մարդկանց անմեղության կանխավարկածը տրորել ու անցել են»,—շարունակել է Սրբազանը։
Նրա խոսքով՝ իրենց գործով չկան փորձաքննություններ, ձեռագրաբանական որևէ քննություն չկա։ «Չլսված բան է՝ գործ բերել դատարան ու չլինի փորձաքննություն։ Մարդիկ հայտարարություններ են անում այս գործից, որոնք որևէ քննության ենթակա չեն։ Ես ընդունեմ, որ այդ գործն ամբողջությամբ ճի՞շտ է։ Հարցերի պատասխան գոյություն չունի։ Պետք է լինի մի փաստաթուղթ, որը կհավաստի, որ դրանք ճիշտ են»։ Բագրատ սրբազանն ընդգծել է, որ քանի ապրում է, ոչ թե ընդդիմադիր է լինելու, այլ պայքարելու է, որ ազատագրվի երկիրը․ «Այս քաղցկեղը, որ մեր կյանք է մտել՝ տնտեսության, դատական համակարգի մեջ, պետք է ազատագրվի»,-հավելել է Սրբազանը։