Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված հստակ պահանջներ ներկայացրել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է տարածաշրջանի երկրների դեմ անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ ու քաղաքացիական ենթակառուցվածքները պահպանելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը։ 

Մակրոնը Իրանին կոչ է արել ներգրավվել բարեխիղճ բանակցությունների մեջ՝ նպատակ ունենալով ստեղծել այնպիսի շրջանակ, որը կհասցեագրի միջազգային հանրության մտահոգությունները Թեհրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների վերաբերյալ։ 

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը խիստ պահանջ է ներկայացրել Իրանի իշխանություններին՝ օր առաջ ազատ արձակել և հայրենիք վերադարձնել Իրանում պահվող Ֆրանսիայի երկու քաղաքացիներին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին, և փակել է Հորմուզի նեղուցը՝ «թշնամիների համար»։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Թեհրանին վերադառնալ բանակցությունների սեղան appeared first on CIVILNET.

Leave a comment