«Փչոցներ» անցյալի եւ ապագայի մասին

«Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է եւ ենթակա չէ զիջման»: Կարծում եք, դա այսօրվա որեւէ ընդդիմադիր ուժի ծրագրից մի հատվա՞ծ է: Կամ ինչ-որ մի «պատերազմի հրձիգ» որոշել է սադրանքի՞ դիմել: Գուցե դա գրել է մի անգիտակից բլոգե՞ր, որը չի հասկանում, որ Ղարաբաղն Ադրբեջան է եւ որ «Արցախ» տեղանվան օգտագործումը կարող է մեխանիկորեն հանգեցնել մեր մայրաքաղաքը «Իրեւան» կոչելուն:

Ոչ, հարգելի ընթերցող, եթե դուք նման ենթադրություններ եք անում, ապա չարաչար սխալվում եք: Սա հատված է Հայաստանի իշխանությունների (մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի) մշակած ՀՀ անվտանգության հայեցակարգից, որը հրապարակվել է 2020 թվականի հուլիսին: Այդ փաստաթղթում կա Արցախին (հենց Արցախին, ոչ թե Ղարաբաղին) նվիրված 11 կետ:

Բացառված է, որ Փաշինյանն այդ տեքստին ծանոթ չլիներ եւ դրան հավանություն չտար, որովհետեւ ինքը բազմիցս նման տեքստեր է արտասանել: Բայց նա, հավանաբար, այն ժամանակ չգիտեր, նրան չէին զեկուցել, որ 1996 թվականից ի վեր Հայաստանի բոլոր իշխանությունները Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Որ «նախկինները» ամբողջ բանակը թալանել են, իսկ գեներալները սաղ զենքերը ծախել են եւ, այդպիսով, «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման» որեւէ հնար չկա:

Իրականում հետին թվով կարելի է պնդել (կամ, տվյալ դեպքում ճիշտ կլինի ասել՝ «փչել») ամեն ինչ: Եվ խնդիրը ոչ միայն սեփական ձախողումներն այդ անհեթեթություններով արդարացնելն է: Դա ողբերգության կեսն է: Իսկ մյուս կեսն այն է, որ այս իշխանությունը «փչում է» ոչ միայն անցյալի, այլեւ ապագայի մասին:

Կարդացեք ընդամենը 6 տարի առաջ հրապարակած ՀՀ անվտանգության հայեցակարգը եւ գնահատեք, թե որքանով են իրականությանը համապատասխանում իշխանության խոստումները, որ թույլ չեն տա «ադրբեջանցիների վերադարձը» մեր տարածք կամ՝ որ «սահմանազատման միջոցով» կհեռացնեն ադրբեջանական զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Բացառված չէ, սակայն, որ ընտրողների որոշակի մասին այդ խնդիրները չեն հուզում: Առայժմ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment