Իրանի շուրջ պատերազմը. ինչու է Հնդկաստանը նուրբ հավասարակշռություն պահպանում

Իրանի շուրջ հակամարտության հարցում Հնդկաստանը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում և կոչ է անում խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով։ Նյու Դելին, ի շարս տնտեսական շահերի՝ Ծոցի երկրների հետ բազմամիլիարդանոց առևտրային հարաբերություններ, էներգակիրների ներկրում, տարածաշրջանում միլիոնավոր հնդիկ աշխատողների ներկայություն, նաև աշխարհաքաղաքական առաջնահերթություններ ունի. Իրանը Հնդկաստանի համար կարևոր հակակշիռ է Պակիստանին, ինչպես նաև՝ կարևոր դարպաս դեպի Եվրասիա և Կենտրոնական Ասիա։ The Jakarta Post թերթում հնդիկ վերլուծաբան Դ. Չոուդբհուրին նշում է նաև Հնդկաստանի համար Իրանի կարևորությունը Հայաստանի հետ կապվելու առումով։

Հնդկաստանը տասնամյակներ շարունակ աշխարհաքաղաքական ճգնաժամերի հարցում վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ լայնածավալ շահեր պահպանելով տարբեր գլոբալ ուղղություններում։ Իրանի հետ կապված ընթացիկ հակամարտությունը բացառություն չէ և բխում է երկրի ռազմավարական ինքնավարության սկզբունքից, Նյու Դելին հրաժարվում է կողմնորոշվել արտաքին ճնշումների ազդեցությամբ և փոխարենը վարում է իր ազգային շահերից բխող քաղաքականություն՝ հաշվի առնելով պատմությունը, աշխարհագրությունը և ապագա հնարավորությունները։

Թեև Հնդկաստան–Իսրայել գործընկերությունը տարիների ընթացքում խորացել է, և տեխնոլոգիան դարձել է համագործակցության հիմնական ուղղություններից մեկը, ընթացիկ ճգնաժամում Նյու Դելին միտումնավոր որևէ մեկի կողմը չի բռնել։ Ընդունվել է նրբազգաց ռազմավարություն՝ հաշվի առնելով Հնդկաստանի լայնածավալ շահերը Պարսից ծոցում և ընդհանրապես Միջին Արևելքում։ Այս տարածաշրջանում շուրջ 10 միլիոն հնդիկ աշխատող կա։ Այն նաև էներգիայի ու ներդրումների կարևոր աղբյուր է։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից՝ փետրվարի 28-ից ի վեր երկրի ղեկավարությունը կապ է հաստատել տարածաշրջանի բոլոր դերակատարների հետ։ Արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը հակամարտության սրման պահից ի վեր երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ, իսկ մարտի առաջին շաբաթվա ընթացքում Նյու Դելին հյուրընկալել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալին։ Այցի ընթացքում նա նաև ելույթ է ունեցել Հնդկաստանի առաջատար արտաքին քաղաքական հարթակում՝ Raisina Dialogue-ում։

Այս բոլոր շփումների ընթացքում Հնդկաստանի ուղերձը հստակ է՝ հակամարտություններին վերջ դնելու միակ արդյունավետ միջոցը երկխոսությունն ու դիվանագիտությունն են։

Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարը մարտի 9-ին խորհրդարանի Վերին պալատում իր ելույթում հայտարարել է, որ ընթացիկ հակամարտությունը սրել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակը. «Մենք շարունակում ենք հավատալ, որ լարվածության թուլացման համար պետք է առաջ մղել երկխոսությունն ու դիվանագիտությունը։ Մենք ցանկանում ենք, որ Արևմտյան Ասիան [Միջին Արևելք] մնա կայուն։ Պարսից ծոցի երկրներում միլիոնավոր հնդիկներ կան, և մենք մտահոգված ենք նրանց անվտանգության համար»։

Ջայշանկարն իր ելույթում նշել է հակամարտության զոհերի, այդ թվում՝ Իրանի ղեկավարների մասին, և ընդգծել, որ «տարածաշրջանի բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»։  

Ծոցի երկրներում աշխատող հնդիկների դրամական փոխանցումները կարևոր դեր ունեն Հնդկաստանի տնտեսության համար։ Նյու Դելին ապահովել է տարածաշրջանում մնացած հազարավոր հնդիկների վերադարձը։

Ծոցի երկրները նաև Հնդկաստանի կարևոր առևտրային գործընկերներն են․ տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է գրեթե 200 մլրդ դոլար։ Տարածաշրջանը ավանդաբար նավթի և բնական գազի խոշոր մատակարար է։ Հետևաբար, այստեղ պատերազմը թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում չի բխում Հնդկաստանի շահերից։

Ջայշանկարը խորհրդարանում իր ելույթում նշել է, որ հնդիկ սպառողի շահերը իրենց համար գերակա առաջնահերթություն են, որ անհրաժեշտության դեպքում հնդկական դիվանագիտությունը կաջակցի հնդկական էներգետիկ ընկերություններին այս անկայուն իրավիճակում։

Ի տարբերություն Հնդկաստանի չեզոք դիրքորոշման՝ Պակիստանի դերն այս հակամարտությունում տարօրինակ է։ Չնայած Իրանի հարևան լինելուն՝ Պակիստանը չպահպանեց չեզոքություն և, ըստ լուրերի, Ռամադանի ընթացքում իր օդային տարածքը տրամադրել է Իրանի դեմ հարձակումների համար։ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև պաշտպանության պայմանագրի շրջանակում Իսլամաբադը պարտավոր է պատերազմի ժամանակ աջակցել Ռիադին։ Վերջերս տարածված լուսանկարները, որտեղ պակիստանցի դաշտային հրամանատարը հանդիպում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ, մեծ ուշադրության են արժանացել վերլուծաբանների կողմից։

Իրանի աշխարհագրական նշանակությունն ու կշիռը տարածաշրջանային գործընթացներում չի կարելի թերագնահատել։ Միջին տերություն դառնալու հավակնություններ ունեցող Թեհրանը շարունակում է կարևոր դեր խաղալ՝ որպես հակակշիռ Պակիստանին, և Հնդկաստանի դարպասն է դեպի Եվրասիա, Աֆղանստան և Հայաստան։

Միջազգային Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքը (INSTC) և Չաբահար նավահանգիստը, չնայած տարիների ձգձգումներին, շարունակում են մնալ տարածաշրջանային կապակցվածության (connectivity) կարևոր նախաձեռնություններ։ Չնայած տարբեր արտաքին ճնշումներին՝ Հնդկաստանը կարողացել է պահպանել այս երկու նախագծերը, որոնք զարգանում են այլ միջազգային հաղորդակության ծրագրերին զուգահեռ։ Հատկանշական է, որ Հնդկաստանի կառավարությունը կարողացել է բանակցել և ԱՄՆ-ից ստանալ պատժամիջոցների բացառություն Չաբահար նավահանգստի համար։ Իրանի Չաբահար նավահանգիստը, որն արդիականացվել է հնդկական ներդրումների շնորհիվ, Հնդկաստանի համար կարևոր դարպաս է դեպի Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս։

Բացի այդ, INSTC-ն Ուկրաինայի պատերազմի բռնկումից հետո կարևոր առևտրային ուղի է եղել Հնդկաստանի և Ռուսաստանի միջև։ Իրանը նաև առանցքային դեր է խաղացել Հայաստանի հետ Հնդկաստանի ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում՝ թույլ տալով հնդկական ռազմական մատակարարումների տարանցումը իր տարածքով և օդային տարածքով։

92 մլն բնակչությամբ Իրանը աշխարհում 17-րդն է թե՛ բնակչության թվով, թե՛ տարածքով։ Տարածքով այն Հնդկաստանի կեսի չափ է, իսկ Իսրայելից մեծ է շուրջ 80 անգամ։ Աշխարհագրությունից բացի, Իրանի մարդկային կապիտալը ևս նշանակալի է․ մեծահասակների գրագիտության մակարդակը 89% է, իսկ երիտասարդների շրջանում այն մոտենում է 99%-ի։ Նրա բնակչությունը Միջին Արևելքի տարածաշրջանում ամենահմուտներից է, իսկ վերջին տասնամյակներում գիտական առաջընթացը եղել է օրինակելի։

Երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով՝ լինելով աշխարհի իններորդ խոշոր նավթարտադրողը և երրորդ խոշոր բնական գազ արտադրողը։ Այս պայմաններում տարածաշրջանային լարվածության խելամիտ կառավարումը՝ ճկուն դիվանագիտական քայլերի միջոցով, կենսական նշանակություն ունի։ Հնդկաստանի շարունակական շեշտադրումը երկխոսության և դիվանագիտության վրա շարունակում է մնալ ամենակենսունակ ուղին առաջ շարժվելու համար։

The post Իրանի շուրջ պատերազմը. ինչու է Հնդկաստանը նուրբ հավասարակշռություն պահպանում appeared first on CIVILNET.

Leave a comment