Պարսից ծոցի երկրները Իրանի թակարդում են

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նյու Յորքի համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր Սթիվեն Հոլմսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։
Սթիվեն Հոլմս
Վստահելի լինելու համբավ ստեղծելու համար անհրաժեշտ են սերունդներ, իսկ այն քանդելու համար՝ ընդամենը մի քանի շաբաթ։ Այս անհամաչափությունը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի կարեւորագույն ռազմավարական փաստն է։ Այս հակամարտության ամենավնասակար հետեւանքը չի ներառվի վնասի գնահատականի մեջ եւ հետպատերազմական վերականգնման որեւէ հիմնադրամ չի կարողանա այն վերացնել։ Սպառնալիքի տակ է այն համոզմունքը, որ Պարսից ծոցը վստահելի վայր է համաշխարհային գործերի վարման համար։
Իրանը դա հասկանում է։ Նա չի փորձում ռազմական առումով ջախջախել Պարսից ծոցին։ Նա ձգտում է այն չափազանց ռիսկային դարձնել ապահովագրության համար՝ անհնար դարձնելով այնտեղ բիզնեսի վարումը։
Իրանական ռեժիմը գտել է իր հակառակորդների յուրահատուկ խոցելիությունը եւ շահագործում է այն։ Պարսից խոցի միապետությունները ռազմական տերություններ չեն։ Նրանց անվտանգությունը հիմնված էր անփոխարինելիության կերտման վրա։ Եթե բավականաչափ թվով բարեկեցության հիմնադրամներ, հեղուկացված բնական գազի գնորդներ, միջազգային բանկեր եւ օտարերկրյա մասնագետներ շահեր ունեն Դուբայում եւ Դոհայում, ապա այդ քաղաքների վրա հարձակումը խնդիրներ է  ստեղծում լայն շրջանակի դերակատարների համար՝ ցանկացած պաշտոնական դաշինքի սահմաններից դուրս։
Իրանը հայտնաբերել է այս տրամաբանության թերությունը։ Պարսից ծոցի զարգացման մոդելը քանդելու համար պետք չէ քանդել բուն ծոցը։ Բավական է այն դարձնել ոչ ենթակա ապահովագրության համար։ Հորմուզի նեղուցը պարտադիր չէ փակել ռազմական իմաստով՝ այն առեւտրային առումով փակելու համար։
Երբ ապահովագրողները այլեւս չեն կարողանում մոդելավորել ռիսկերը, երբ ռազմական ապահովագրական վճարները դառնում են անհամաչափ, երբ նավարկությունը հնարավոր չէ երաշխավորել, երբ նավարկային ընկերությունները չեն կարող երաշխավորել անձնակազմերի անվտանգությունը, ականների եւ հրթիռների աշխատանքը կատարում է ֆինանսական համակարգը։
Այս դեպքում ռազմական ապահովագրական ծածկույթը տեխնիկապես հասանելի է մնում նեղուցով անցնելու համար։ Սակայն նավերի հրամանատարները, այնուամենայնիվ, հրաժարվում են անցումից։
Իրանը շրջափակում է նեղուցը՝ ստեղծելով անորոշություն։ Սա ավելի էժան է, քան ավերածությունը, եւ ավելի երկարակյաց՝ տրամաբանություն, որն արդեն իսկ դրսեւորվել է Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքներին վերջերս հասցված հարվածներում։
Պարսից ծոցի պետությունները ջրի աղազերծման տեսանկյունից ամենախոցելի հասարակություններից են աշխարհում։ Նրանց քաղաքները, ներառյալ օտարազգի բնակչությունը, չեն կարող ապրել առանց ափամերձ կայաններում ջրի անընդհատ աղազերծման։ Այսօր ջրի պաշարները չափվում են օրերով, ոչ թե շաբաթներով։
Պարսից ծոցը նաեւ խոցելի ծովային միջավայր է՝ ծանծաղջուր, փակ եւ աղտոտիչները դանդաղ հեռացնող։ Նավթի արտահոսքը արագ չի ցրվի։ Աղազերծման համակարգերը չեն կարող աշխատել ածխաջրածիններով ուժեղ աղտոտվածության պայմաններում։ Եթե նավթը հայտնվի ջրի վերցման համակարգերում, աղազերծման կայանները մի քանի ժամում կանջատվեն, զրկելով տարածաշրջանի քաղաքային բնակչությանը խմելու ջրից։ Իրանին պետք չէ նման աղետ ստեղծել՝ այն որպես զենք օգտագործելու համար։ Բավական է համոզիչ հնարավորություն ունենալ։ Ապահովագրական շուկաները գնահատում են ռիսկերի բաշխումը եւ ոչ միայն իրականացված իրադարձությունները։
Սա թակարդ է, որը կառուցել է Իրանը. ոչ թե Պարսից ծոցի պետություններին ոչնչացնելու կարողությունը, այլ դրանք չափազանց խոցելի դարձնելը եւ այնպիսի ռիսկերի ենթարկեցնելը, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
Պարսից ծոցի անվտանգության մոդելը կախված էր ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ այն համոզմունքից, որ նման պաշտպանությունը կառուցվածքորեն ամրագրված է եւ պայմանավորված խոր փոխադարձ շահերով, այլ ոչ թե պայմանական քաղաքական հաշվարկներով։ Բավականաչափ թվով ազդեցիկ դերակատարներ, ներառյալ ԱՄՆ-ը, այնքան խորն են ներկառուցվել Պարսից ծոցի կայունության մեջ, որ դրա պաշտպանությունն այլեւս ընտրություն չէ, այլ անհրաժեշտության նման մի բան։
Իրանն այսօր հարձակվում է այդ հիմքի վրա դրսից, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայքայում այն ներսից։ Պարսից ծոցի պետությունները չէին կանխատեսել, որ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա՝ առանց նրանց պաշտպանությունը հաշվի առնելու, եւ որ Ամերիկան ի վերջո կարող է ոչնչացնել իր այն դաշնակիցներին, ում խոստացել էր պաշտպանել։
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment