Սուտ տեղեկատվության թելերի զգալի մասը կոնկրետ երկիր են տանում. ՌԴ պատգամավորները ՀՀ ընտրված իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն. Միրզոյան

Ի՞նչ է նշանակում հիբրիդային հարձակում: Եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, կլինի խառնածին, այսինքն՝ ՀՀ-ի դեմ խառնածին գործողություն է, խառնածին հարձակում է: Դա կարող է լինել ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ և այլն: Արվու՞մ են ՀՀ-ի դեմ այսպիսի հարձակումներ: Միանշանակ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Երկրի անուն եք տալիս. կարո՞ղ են այդ սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո՛, տանում են, և դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է։ 

Կարո՞ղ եք տեսնել ՌԴ պատգամավորների, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որովհետև դա ներքին քաղաքականության խառնվել է, կարող եք տեսնել: Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների այդ գործողությունների մեջ, կարող եք տեսնել: Կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ, վստահաբար կարող եք տեսնել Google անելու պահից»,-նշել է նա։ 

Միրզոյանը հավելել է, որ դա իրենց համար անծանոթ երևույթ է և եթե աշխարհի ինչ-որ մասում դրա հետ կապված կուտակված փորձ կա, ինչո՞ւ չհարցնել: 

«Ես չեմ հասկանում, կան ինչ-որ շրջանակներ, Եվրամիություն բառը լսում են, խրտնում են, մտածում են՝ եկել են մեզ կուլ տան, կտրեն, դարավոր, բարեկամական այն մի կապից տանեն մեզ մտցնեն չգիտեմ ինչ: Հենց Եվրամիություն լսում են, չոքերները թուլանում է: Որ, ասենք, այդ խումբը գար Մադագասկարից, վստահ եմ՝ այդ ռեակցիան չէր առաջացնի»,-ասել է ԱԳ նախարարը։

Միրզոյանը նշել է, որ եթե ՌԴ-ն ունի հարձակումների դեմ սեփական փորձը և պատրաստ է կիսվել, դեմ չեն, կտեսնեն՝ ինչ փորձ է:

Leave a comment