Հայաստանը պահպանում է առաջատար դիրքը Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակով, թեև վերջին տարիներին առաջընթաց չի արձանագրել. այս մասին նշված է Վաշինգտոնում գործող «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որի թարմացված տվյալները հրապարակվել են ուրբաթ օրը։
Ազատության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 100 հնարավորից հավաքել է 54 միավոր։ Երկրի ցուցանիշը մնացել է անփոփոխ 2023-ից ի վեր, երբ այն 55-ից նվազել էր մեկ կետով։ Կազմակերպությունը Հայաստանում քաղաքական իրավունքները գնահատել է 23 միավոր (40-ից), իսկ քաղաքացիական ազատությունները՝ 31 միավոր (60-ից)՝ երկիրը դասակարգելով որպես «մասամբ ազատ»։
Հայաստանն առաջին անգամ գերազանցել է իր հյուսիսային հարևան Վրաստանին, որն այս տարի ստացել է 51 միավոր՝ երկու տարի առաջվա 58-ի փոխարեն։ Վրաստանի ցուցանիշների անկումը մեկնաբանները և տեղական ընդդիմադիր խմբերը բացատրում են ժողովրդավարական հետընթացով։
Տարածաշրջանային այլ երկրների շարքում Թուրքիան ստացել է 32 միավոր՝ դասվելով «ոչ ազատ» երկրների շարքին։ Ադրբեջանը վաստակել է ընդամենը 6 միավոր՝ լիակատար ինքնիշխան պետությունների շարքում զբաղեցնելով ներքևից 10-րդ հորիզոնականը և հայտնվելով այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Սիրիան և Աֆղանստանը։ Իրանի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է՝ 10 միավոր։ Հարկ է նշել, որ «ազատ» համարվող երկրների շարքում ամենացածր վարկանիշն ունի Լեսոտոն՝ 67 միավորով։
«Freedom House»-ի մեկ այլ՝ համացանցի ազատությանը վերաբերող զեկույցում Հայաստանը նախորդ տարի ստացել էր 72 միավոր՝ դասակարգվելով որպես «ազատ»։
Մարդու իրավունքների վիճակին անդրադարձել է նաև «Human Rights Watch» կազմակերպությունը՝ արձանագրելով հակասական առաջընթաց։ Թեև կազմակերպությունը դրական է համարել կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական բարեփոխումների ուղղությամբ իշխանությունների ջանքերը, սակայն մտահոգություն է հայտնել ոստիկանական բռնությունների ոչ արդյունավետ քննության, կալանքի որպես խափանման միջոցի չարաշահման և ընտանեկան բռնության դեմ պայքարի սահմանափակ արդյունքների կապակցությամբ։
The post Հայաստանը գլխավորում է Հրվ․ Կովկասը Freedom House-ի աղյուսակում, չնայած անփոփոխ միավորին appeared first on CIVILNET.