Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարբեր միջավայրերում բազմաթիվ են։ Ըստ ՄԻՊ-ի՝ այս մասին են վկայում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքներն ու թեժ գծին ստացված ահազանգերը։
Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է: Պետությունն ունի պարտավորություն ապահովելու երեխայի անվտանգությունը ինչպես դպրոցում, այլընտրանքային խնամքի և ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս, այնպես էլ՝ ընտանիքում։
Այս առումով հատկապես մտահոգիչ է համարել վերջին օրերին ընտանիքում երեխայի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, որը հանգեցրել է ողբերգական հետևանքի։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտել է այս դեպքը` ընդգծելով, որ սա առանձին դեպք չէ, այլ համակարգային խնդրի առկայության մասին լրջագույն ահազանգ, որը պահանջում է բոլոր իրավասու մարմինների անհապաղ և ամբողջական արձագանքը։
«Երեխայի համար բռնությունից զերծ ընտանեկան միջավայրի ձևավորման գործընթացում առանցքային նշանակություն ունեն ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երեխայի նկատմամբ բռնությունը որպես դաստիարակության միջոց ընկալելու կարծրատիպի վերացման ուղղությամբ անհապաղ միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև իրավասու մարմինների դերակատարությունը, բռնության վտանգի վաղ փուլում կանխարգելման արդյունավետ մեխանիզմները, այլ արձագանքող և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու իր ունեցած գործիքակազմերով նպաստելու անվտանգ և բռնությունից զերծ միջավայրի ձևավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
The post Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը բազմաթիվ են․ ՄԻՊ appeared first on CIVILNET.