Հունվարի 22-ին, ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Հայաստանի մասնակցության մասին հարցին, նշել է, որ Հայաստանը դրանից չի շահելու։
Ընդդիմադիր պատգամավորը կարծիք է հայտնել, որ Փաշինյանն այդ առաջարկին համաձայնվել է Թրամփի հետ լուսանկարվելու նպատակով։ Ու քանի որ «Խաղաղության խորհրդին» անդամակցող երկրները վճարելու են 1 մլրդ դոլար, ապա ստացվում է, որ Թրամփի հետ սելֆին շատ թանկ է նստելու ՀՀ քաղաքացիների համար։
«Մի քանի երկրի ղեկավարներ այդ հրավերը ստանալուց հետո հրապարակել էին, որ այդ խորհրդին անդամակցելն արժի մեկ միլիարդ դոլար, այսինքն՝ երկիրը ներդրում պետք է անի, որ դառնա այդ խորհրդի անդամ։ Հիմա ՔՊ-ականներն ասացին, թե չգիտեն, ես տրամաբանական հարց եմ տալիս՝ ձեր կարծիքով՝ եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է, այն երկիրը, որը կներդնի 1 միլիարդ դոլար ու այն երկիրը, որից չեն ուզի ու չի ներդնի, նույն ձայնի իրավո՞ւնք են ունենալու։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։ Եթե գնանք այն տարբերակով, որ Հայաստանը պետք է ներդնի այդ 1 միլիարդ դոլաը՝ ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 միլիարդ դոլար, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ, լավ թանկ են նստում մեր վրա, 60 միլիոնի կարգի նստեց «ՍՈՒ»-երի հետ սելֆին, որոնք մի վայրկյան չեն օգտագործվել, միակ օգուտը եղել է սելֆին»,- նշել է նա։
Մամիջանյանը հարց է ուղղել ՀՀ քաղաքացիներին՝ մի անգամ 60 միլիոնի կարգի վճարել ենք Փաշինյանի սելֆիի համար, հիմա մեկ միլիարդ վճարե՞նք։
«Արժի՞ որ։ Այդքան սիրո՞ւն է, իմ կարծիքով՝ չէ»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Մամիջանյանը, անդրադառնալով կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ իշխանության կողմից հնչող հայտարարություններին, ընդգծել է․ «Ինչքա՞ն են ֆոկուսնիկություն անելու։ Սա ուղղակի քաղաքական ֆոկուսնիկություն է, իսկ երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին Փաշինյանը հասավ մանիպուլյացիայի գագաթնակետին»։
Նա նշել է, որ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ իրենք կենսաթոշակները բարձրացրել են մի քանի անգամ. «10 վայրկյան պաուզա բռնեց, որ իր smm անող տղան հասցնի նկարել ու տարածել փերֆեքթ թիվիներով, հետո ասաց՝ տարբեր որոշումներով։ Այսինքն, այստեղ անգամը ոչ թե 2 անգամ բարձրացնելն է, օրինակ՝ 10 հազարը սարքել 20 հազար դրամ, այլ մի անգամ 10 հազարը սարքել են 11 հազար դրամ, մի անգամ՝ 11 հազարը 12 հազար, մի անգամ՝ 12 հազարը 13 հազար, բայց ներկայացնում է մի քանի անգամ են բարձրացրել։ Սա արդեն մանկապարտեզի մակարդակի մանիպուլյացիաներ են»,-ասել է Մամիջանյանը։