«ՀՀ էներգետիկայի «ապառուսաֆիկացման» արդյունքում կառաջանան անվտանգային նոր ռիսկեր»․ Վահե Դավթյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունները հիմա էլ խոսում եմ Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման հեռանկարի մասին: Անգամ սկսել են Թուրքիայի կառավարության հետ ներդրումային հարցեր քննարկել: Ասում են՝ «Պատրաստ ենք օր առաջ սկսել»:
     Այլ պայմաններում տվյալ նախաձեռնությունը, թերևս, կարելի էր ողջունել: Օրինակ՝ 2009-2010թ. «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, երբ Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի լուրջ պակասորդ, Հայաստանն էլ պատրաստ էր փակել դրա մի մասը: Ի վերջո, այդ ժամանակաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային միջավայրերը սկզբունքորեն տարբեր էին ներկայիս իրողություններից։
     Այսօր իրավիճակը որակապես փոխվել է։
     Թուրքիան ոչ միայն դինամիկ տեմպերով հաղաթահարում է էլեկտրաէներգետիկ պակասորդը, այլև ռազմավարություն է որդեգրել առաջիկա տարիներին զարկ տալ արտահանմանը, ներառյալ հարավկովկասյան շուկաները: Վերջինիս նախադրյալներն առկա են՝ հատկապես հաշվի առնելով
     Թուրքիայում գեներացնող հզորությունների շարունակական աճը՝ Աքքույու ԱԷԿ, նոր ատոմային նախագծեր Սինոփում ու Ֆրակիայում, 750-ից ավել ՀԷԿ-եր և այլն:
     Այս պայամաններում Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի:
     Այս միտումը լրացուցիչ խորանում է մի քանի ներհամակարգային գործընթացներով։
     Դրանցից առաջինը Երևանի ընտրությունն է՝ հօգուտ փոքր մոդուլային ռեակտորի, որը երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու է բազային միջուկային հզորությունների ներկայիս մոդելը՝ նվազեցնելով համակարգի ինքնաբավության մակարդակը։
     Երկրորդը արևային էներգետիկայի արագ ու քաոտիկ զարգացումն է, որը, ունենալով սահմանափակ արտահանման ներուժ և բարձր սեզոնային կախվածություն, չի կարող ապահովել բազային պահանջարկի կայուն ծածկույթ:
     Երրորդը շուկայի ազատականացումն է, որը ստեղծում է բոլոր պայամանները արտաքին շուկաներից էլեկտրաէներգիա ներկրելու ու փաստացի Հայաստանի արտաքին կախվածությունն ավելացնելու համար:
     ԵՄ-ն էլ հանդես է գալիս որպես այս ամենի ֆինանսական աջակից՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի էներգետիկայի «ապառուսաֆիկացման» նպատակով տրամադրել անհրաժեշտ միջոցները: Բնականաբար, վարկերի տեսքով:
     Ակնկալվող արդյունքներ՝ պետական պարտքի ավելացում, էներգետիկ ինքնաբավության կտրուկ նվազում, անվտանգային նոր ռիսկեր»:

Leave a comment