ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Երևանի Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն ենթադրաբար ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՔԿ-ից։
Վարույթը նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի
441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Հիշեցնենք, որ երեկ 24News-ի հետ զրույցում Շենգավիթ վարչական շրջանի նախկին աշխատակից Աիդա Մխիթարյանը հայտնել էր, որ իրեն թաղապետարանում կոմունալ բաժնի պետն ու մեկ այլ աշխատակից ծեծել են ու հայհոյել։ Տրամադրել էր նաև տեսանյութը։ Շենգավիթի թաղապետը, սակայն, 24News-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը և նշել, որ առաջինը մաքրուհին է հայհոյել և սադրել։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ