Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Լոս Անջելեսում մարտի 15-ին կայացած «Օսկարի» մրցանակաբաշխության հաղթող կինոռեժիսոր Նատալի Մուստեատայի հայկական արմատների վերաբերյալ երկու օր առաջ մեր հրապարակման մեջ նշել էինք, որ այդ պնդումները չեն հաստատվում։ Մինչ հրապարակումը մենք նաև դիմել էինք կինոռեժիսորին՝ պարզաբանում ստանալու համար, սակայն պատասխան չէինք ստացել։
Հրապարակումից հետո ի հայտ են եկել նոր տվյալներ։ Մասնավորապես, կինոռեժիսորը վերջին երկու օրում տված երկու առանձին հարցազրույցներում խոսել է իր հայկական ծագման մասին։ Մինչ այդ, հասանելի բոլոր հարցազրույցներում նա խոսել էր իր ռումինական ծագման մասին՝ առանց հայկական արմատներին անդրադառնալու։
Սակայն մարտի 20-ին ԱՄՆ-ում գործող Armenian Film Society-ն և The Armenian Report-ը հրապարակել են հարցազրույցներ Նատալի Մուստեատայի հետ, որտեղ նա անդրադարձել է իր հայկական ծագմանը։
Մասնավորապես, Armenian Film Society-ին տված հարցազրույցում Մուստեատան նշել է, որ իր մայրական տատը՝ Լուիզա Դերդերյան-Մարկոչին, հայկական ընտանիքից է եղել։ Նա նաև պատմել է, որ տատը նրա հետ խոսել է հայերեն և ռումիներեն, և որ ինքն մանկության տարիներին խոսել է հայերեն, սակայն հետագայում կորցրել է լեզուն։
The Armenian Report-ին տված հարցազրույցում ևս Մուստեատան խոսել է իր հայկական արմատների մասին՝ ընդգծելով իր տատի ազդեցությունը իր կյանքի և ստեղծագործական ուղու վրա։
Նշենք, որ Լուիզա Դերդերյան-Մարկոչին դերասանուհի է եղել:
Այսպիսով, վերջին օրերին կինոռեժիսորի հետ իրականացված հարցազրույցները հիմք են տալիս վերանայելու կինոռեժիսորի հայկական ծագման վերաբերյալ նախկին գնահատականները։
The post Օսկարակիր Նատալի Մուստեատան խոսել է իր հայկական ծագման մասին․ նախորդ գնահատականը վերանայվում է appeared first on CIVILNET.