Իրանի պատերազմի հետևանքով էներգակիրներն արդեն թանկացել են, դա բերում է տրանսպորտի թանկացման, եւ նաեւ այլ երկրներից եւս ներկրվող բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացումն անխուսափելի է». Ատոմ Մարգարյան. «Հրապարակ»

Իրանի շուրջ ռազմական գործողությունների բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա անխուսափելի է։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ավելի կոնկրետ է արտահայտվում. «Իրանի հետ առեւտուրն արդեն հատել է 1 մլրդ դոլարի սահմանագիծը, որի 80 տոկոսը ներմուծումն է Իրանից, եւ մոտ 200 մլն դոլարի արտահանում ունենք: Եթե նայենք լոգիստիկ շղթաներին, գումարային տեսանկյունից առայժմ Իրանի դեմ պատերազմի մեծ ազդեցություն չկա, բայց եթե այն դժվարությունները, որոնք ստեղծվել են բեռնափոխադրումների եւ արտադրական շղթաների խզումների պատճառով, տեւեն եւս 2-3 շաբաթ, ապա կորուստները զգալի կլինեն»:

Մյուս վտանգը, ըստ Ատոմ Մարգարյանի, էներգակիրների գների բարձրացումն է: «Գներն արդեն բարձր են: «Բրենդ» տեսակի նավթի բարելն արդեն հատել է 110 դոլարի սահմանագիծը, իսկ դա վաղ թե ուշ բերելու է բենզինի եւ հարակից էներգակիրների գների թանկացման: Հեղուկ գազը եւ նավթամշակման պրոդուկտները կարող են թանկանալ»: Որքանո՞վ: «Եթե մեկ սցենարի՝ կարճաժամկետ պատերազմի դեպքում թանկացումները 3-5 տոկոս են, ապա մատակարարման շղթաների ավելի երկարաժամկետ խզումների դեպքում կարող են այդ ապրանքատեսակների գծով մինչեւ 15-20 տոկոս թանկացումներ լինել, գումարած նավթի ու տրանսպորտային բեռնափոխադրումների սակագների թանկացումը, եւ այս ամենը, իհարկե, կանդրադառնա մեր շուկայի վրա»,- ասում է Ատոմ Մարգարյանը:
Միայն էներգակիրների գների ա՞ճն է նկատելի լինելու, թե՞ ամբողջ ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ են բարձրանալու: «Էներգակիրներն արդեն թանկացել են, իսկ դրանց թանկացումը բերում է տրանսպորտի թանկացման, եւ նաեւ այլ երկրներից եւս ներկրվող բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացումն անխուսափելի է», – նշում է Ատոմ Մարգարյանը: Ըստ նրա, դրանից շահում է Ռուսաստանը, իսկ երկարաժամկետ տուժում են բոլորը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment