Լուսինե Վարդանյան, Բրյուսել
Մեկ ամիս առաջ, երբ Եվրամիության առաջնորդները հավաքվել էին Բելգիայի Ալդեն Բիսեն ամրոցում, օրակարգում Եվրոպայի գլոբալ դերի վերաբերյալ գրեթե գոյաբանական բնույթի հարցադրումներն էին։ Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակումը փոխել է Բրյուսելում մարտի 19-20-ի ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի օրակարգը՝ Եվրոպային հիշեցնելով էներգետիկայի ճգնաժամի մասին, որ սրվել է 2022-ից Ուկրաինայում պատերազմից բռնկումից ի վեր։
Շատ պաշտոնյաներ, սակայն, նշում են, որ իրավիճակը պակաս ծանր է, քանի որ ԵՄ-ն որոշակիորեն բազմազանեցրել է իր աղբյուրները։ Ըստ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի՝ էսկալացիայի բացասական հետևանքներն արդեն զգացվում են Եվրոպայում։
«2026-ը մրցակցության եվրոպական տարին է, և այսօր առաջնորդները դրա վրա են կենտրոնանում։ Մենք կներկայացնենք «մեկ Եվրոպա, մեկ շուկա օրակարգը», ինչպես դա խոսք էինք տվել Ալդեն Բիսեն ամրոցում»,- ասում է նա։
Եթե շատ համապարփակ՝ գագաթնաժողովը էժան էներգիայի, էներգետիկ անցման, Հունգարիայի Վիկտոր Օրբանի կամակորությունների և Մերձավոր Արևելքում վիճակի մասին է։
Վաղ առավոտից սկսվել են այս թեմաների շուրջ քննարկումները։ Առաջնորդները ժամանում են, պատասխանում լրագրողների մի քանի հարցի և հեռանում։
Արդեն երկրորդ անգամ կարմիր գորգի վրա միասին են հայտնվում Ֆրանասիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Այնուամենայնիվ, «արտադրված է Եվրոպայում» կարգախոսի համատեքստում Փարիզի՝ ոլորտների ընդլայնման քաղաքականությանը Բեռլինը դեմ է և այն համարում է պրոտեկցիոնիստական։
«Այսօր մի մեծ քայլ առաջ պիտի անենք, ես վստահ եմ, որ դա մեզ մոտ կստացվի»,- ասում է կանցլեր Մերցը լրագրողներին։
Օրբանն ընդդեմ բոլոր-բոլորի
Վերջին ամիսներին ԵՄ առաջնորդներին որևէ կերպ չի հաջողվում համոզել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրաժարվել Ուկրաինայի պատերազմի ֆինանսավորման համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի վետոյից։ Օրբանին աջակցում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆրիցոն։ Համաձայնությունը ձեռք էր բերվել 2025-ի դեկտեմբերին։ Երբ ռուսական անօդաչու սարքերը վնասեցին «Դրուժբա» նավթամուղը, որով ռուսական նավթը Ուկրաինայի միջոցով հասնում է Հունգարիա և Սլովակիա, երկու առաջնորդները Կիևին սկսեցին մեղադրել վերանորոգման աշխատանքները դանդաղեցնելու մեջ։
Օրբանը քննադատություններին պնդում է, որ իր վետոն իրավաչափ է, քանի որ դեկտեմբերի համաձայնության պահին նավթամուղը գործում էր։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Խորհրդի նախագահ Կոշտան փորձել են մեղմել իրավիճակը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզելով ԵՄ-ին թույլ տալ հետաքննել «Դրուժբա» նավթամուղի խնդիրները։ ԵՄ փորձագետներն արդեն Ուկրաինայում են և սպասում են անվտանգության թույլտվության՝ ստուգելու նավթամուղը և գնահատելու վնասը։ Բայց դա չի փոխում Օրբանի դիրքորոշումը։
Գագաթնաժողովի ռազմավարությունը քաղաքական ճնշումն էր, որը կարծես չի ազդում։ Եվրամիությունում սպասում են Հունգարիայում ապրիլի 12-ին նախատեսված ընտրություններին և հույս ունեն, որ Օրբանը կպարտվի։
Իսկ մինչ այդ Եմ առաջնորդները փորձում են գումարը փոխանցելու տարբերակներ գտնել։ Մյուս 25 երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը և կոչ անելով «ապահովել առաջին փոխանցումը Ուկրաինային մինչև ապրիլի սկիզբ»։
Ի դեպ, գագաթնաժողովին Զելենսկին մասնակցեց տեսակապի միջոցով։
Օրակարգում է նաև էներգետիկ ոլորտում արտանետումները նվազեցնելու Fit for 55 շրջանակում սահմանած նպատակները, իսկ էներգետիկ ոլորտը ԵՄ-ում ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրն է։
Քանի որ ԵՄ ածխաջրածինների շուկան էներգիայի գների մոտ 11 տոկոս բարձրացման գործոն է, այս հարցում ևս միությունում չկա միաձայնություն։ Որոշ երկրներ կոչ են անում վերանայել համակարգը՝ Էլեկտրաէներգիայի գների նկատմամբ ճնշումը նվազեցնելու համար, իսկ մյուսները զգուշացնում են, որ դա կարող է խաթարել էներգետիկ անցումը և թուլացնել հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու ջանքերը։
ԵՄ առաջնորդները շարունակում են քննարկումները։ Ավելի ուշ նախատեսվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Անտոնիո Կոշտայի ասուլիսը և որոշումների մասին հայտարարությունները։
The post Մերձավոր Արևելքի պատերազմը փոխել է ԵՄ գագաթնաժողովի օրակարգը appeared first on CIVILNET.