Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանել ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ մամուլի հրապարակումների ու բացահայտումների վերաբերյալ հարցերին։
Երբ լրագրողը ներկայացրեց Կոնջորյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ փաստերը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իրավապահ մարմիններն ունեն օրենքով սահմանված պարտավորություններ եւ պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները։ Բայց ես էլի եմ ասում՝ մենք չունենք պարտավորություն՝ ձեր ասածներն ընդունելու հալած յուղի տեղ։ Հարգելի լրագրողներ, որ հիմա փորձենք պարզել՝ ձեզնից ով է բնակարան գնել եւ ինչ գնով, կարող է պարզվի․․․ Եկեք էդ նույն սկզբունքը կիրառենք։ Հայաստանում հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ եւ լրագրողներ բնակարաններ են ձեռք բերել։ Ինչո՞ւ չեք հայտարարագրում՝ ով ինչ գնով է բնակարան ձեռք բերել, որ մենք էլ կարողանանք համեմատել՝ ձեր ասած գինը եւ իրականությունը համապատասխանո՞ւմ են իրար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրագրողները «Հայաստանում հաստատված խոսքի ազատությունն օգտագործում են՝ մարդկանց հասցեին ուղղակի մերկապարանոց մեղադրանքներ շպրտելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը լրագրողներին կոչ արեց նաեւ հայտարարագրել իրենց աշխատավարձերը․ «Ձեր աշխատավարձն ինչքա՞ն է, ինչքա՞նն է հայտարարագրվում եւ ինչքանը չի հայտարարագրվում։ Գալիս, միկրոֆոնների տակ կանգնում եք, հրեշտակի թեւերը բացում ու սկսում գետնից բարձրանալ։ Էդ փաթեթը, մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին, վարչապետը ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: